ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, համագործակցության հուշագիր է կնքել Արցախի հանրապետության գործընկերների հետ՝ հայկական երկու պետություններում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ եւ ԼՂՀ մրցակցային մարմինների համագործակցությունը հատկապես վերջին տարիներին զարգանում է շատ ակտիվ եւ արդյունավետ, իսկ կատարված աշխատանքները տեսանելի դրական են անդրադարձել մի շարք ոլորտների վրա:

Հուշագրի կնքման արարողությունից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում հստակեցվել են գալիք 2018 թվականի անելիքները, նախանշվել են հատկապես այն ոլորտները, որոնց ուղղությամբ տարվող աշխատանքները տարվա ընթացքում լինելու են առաջնային:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր խոսքում կարեւորել է տարեցտարի ավելի ամուր հիմքերի վրա դրվող համագործակցությունը եւ վստահեցրել, որ առաջիկայում եւս արվելու է հնարավոր ամեն բան՝ համատեղ խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ. «Այս տարիների ընթացքում ԼՂՀ գործընկերների հետ համագործակցության արդյունքում իսկապես հասել ենք լուրջ ձեռքբերումների, սակայն, պետք է նշեմ, որ ստացված արդյունքները մեզ համար բավարար չեն, կան նոր նախանշված ծրագրեր, կարեւոր ուղղություններ, որոնց իրականացմանն էլ առաջիկա տարիներին կուղղենք մեր ջանքերը››:

Տեղեկացնենք նաեւ, որ անցած տարիներին ՀՀ Մրցակցային մարմինը մշտապես աջակցել է Արցախի գործընկերներին ինչպես ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, այնպես էլ համատեղ վարույթների իրականացման, փորձի եւ տեղեկատվության փոխանակման առումով: Համատեղ վերլուծություններ են կատարվել սոցիալական առաջնային նշանակության մի շարք շուկաներում, իրականացվել են համատեղ ուսումնասիրություններ՝ անբարեխիղճ մրցակցության եւ հակամրցակցային այլ գործողությունների բացահայտման նպատակով:

ԼՂՀ ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը իր ելույթում նշեց, որ Հանձնաժողովների միջեւ կնքված Համաձայնագրի շրջանակներում կատարվել է նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների մասին տեղեկատվությունների ամսական փոխանակում, ինչը հնարավորություն է տվել համադրել եւ վերահսկել այն ապրանքների գները, որոնք ներմուծվում են ՀՀ-ից: Ապրանքատեսակների գների վերաբերյալ տեղեկությունների նշված փոխանակումը եւ դրա արդյունքում կատարած վերլուծությունները թույլ են տվել զսպել գների արհեստական բարձրացման միտումները: Հուշագրի ստորագրումից հետո ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Արցախի գործընկերներին պարգեւատրեց շնորհակալագրերով եւ պատվոգրերով՝ համատեղ գործունեության ընթացքում ունեցած ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի համար: