Կրեմլը մտահոգված է ԱՄՆ-ում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին քննարկումների կապակցությամբ: Ընդունման դեպքում Կրեմլը խոստանում է անպատասխան չթողնել այդ պատժամիջոցները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Vesti.ru-ն:
«Մենք տեղյակ ենք հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ հանրության, լրատվամիջոցների եւ օրենսդիրների շրջանում քննարկումների մասին: Սա, իհարկե, մտահոգում է մեզ: Այս հարցում Ռուսաստանն առաջին հերթին առաջնորդվում է փոխադարձության սկզբունքով: Եւ երբ Ռուսաստանի նկատմամբ տարբեր սահմանափակումներ են ներկայացվում, դրանք, իհարկե, անպատասխան չեն կարող մնալ»,- նշել է Պեսկովը:
Պատժամիջոցների կիրառման որոշումը երկրի ղեկավարինն է, բացատրել է Պեսկովը եւ հիշեցրել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հանդեպ Վլադիմիր Պուտինի բացասական վերաբերմունքի մասին:
«Նախագահ Պուտինը հետեւողականորեն խոսում է այն մասին, որ մենք այս պատժամիջոցները անօրինական ենք համարում, եւ որ Ռուսաստանը, ըստ էության, մտադիր չէ քննարկել այդ պատժամիջոցները վերացնելու հարցը եւ չի անում դա: Սա այն հարցն է, որը պետք է լինի այն մայրաքաղաքների օրակարգում, որոնք կայացրել են համապատասխան որոշումները»,- ընդգծել է Պեսկովը:



























