Հնարավոր բոլոր ջանքերը ներդնում ենք, որպեսզի մեր հանդիսատեսին նոր բեմադրություններով ուրախացնենք: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
Նրա խոսքով՝ այնքան էլ հեշտ չէ արժանի բեմադրություն իրականացնել, քանի որ դրա համար շատ ուժ եւ միջոցներ են պետք: Խոսելով գալիք տարվա ծրագրերի մասին՝ նա հայտնեց, որ ապրիլի 11-ին տեղի կունենա Մասնեի «Մանոն» օպերայի պրեմիերան: Նաեւ հնարավոր կլինի դիտել Բիզեի «Կարմեն» օպերայի նոր բեմադրությունը: Օրբելյանի ներկայացմամբ՝ բեմադրությունը շարժուն կլինի, նախատեսվում է այն նաեւ Դուբայում ցուցադրել: Երկար ընդմիջումից հետո 2018 թվականին ծրագրվում է բեմադրել «Դավիթ Բեկ» օպերան: Ինչ վերաբերում է բալետին, ապա թատրոնի ղեկավարի հավաստիացմամբ, որն այս պաշտոնին վերջերս է նշանակվել, վերջապես հանդիսատեսին կվերադարձվի Չայկովսկու «Շչելկունչիկը»:


























