Ցանկացած բռնապետական իշխանություն ցանկանում է հնարավորինս շատ իշխանություն ունենալ եւ չգնալ բարեփոխումների: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Դատական օրենսգրքի ընդունումը խորհրդարանում. խնդրահարույց դրույթներ եւ մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ նշել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նա կասկածի տակ առավ, թե գործող իշխանություններն իսկապես ուզում անկախ դարձնել դատական համակարգը. «Այնպիսի հոգեբանություն ունեցող իշխանությունը, որը մենք տեսել ենք տարիներ շարունակ, մարտի 1 տեսած իշխանությունները հանկարծ բարի կամք են դրսեւորում եւ ժողովրդավարացնո՞ւմ են դատական համակարգը: Ես այդ հեքիաթներին չեմ հավատացել ու հիմա էլ չեմ հավատում: Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ապա ցույց տվեք ինձ որեւէ պետություն, որտեղ դատարանը կախված է գործադիր իշխանությունից եւ այդ երկրում մարդու իրավունքները պաշտպանվում են: Չկա այդպիսի պետություն, որովհետեւ մարդու իրավունքների երաշխավորը անկախ դատական իշխանությունն է»:
Իշխանյանը նկատեց, որ շատ կարեւոր է, թե ով է նշանակում դատավորներին. «Երբ իմ միջազգային գործընկերները հարցնում են, թե ով է նշանակում Հայաստանում դատավորներին ու ես պատասխանում եմ՝ երկրի նախագահը, նրանք ասում են, կարող ես չշարունակել: Սա շատ էական խնդիր է: Խորհրդարանական դասական երկրներում դատարանների անկախությունն ավելի մեծ է: Օրինակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որեւէ առնչություն չունի դատավորների նշանակման հարցում, սակայն Հայաստանում լրիվ այլ բան կատարվեց»:
Նրա խոսքով, Հայաստանում նոր Սահմանադրությամբ, Արդարադատության բարձրագույն խորհրդի 5 անդամներին, դատարանների նախագահներին նշանակում է ԱԺ որակյան մեծամասնությունը՝ 3/5-ով. «Կարծես թե սա արված է նրա համար, որ մեկ քաղաքական ուժ չկարողանա միանձնյա որոշել, ստիպված լինի փոխզիջման գնալ ընդդիմության հետ: Սակայն սահամանդրությամբ սահմանվել է կայուն մեծամասնություն ունենալու պահանջ: Այսինք ԱԺ-ում որեւէ քաղաքական ուժ պետք է ունենա 53 տոկոս: Այնտեղ մնում է 7 տոկոս, որի հարցը հեշտ է լուծելը: Ես մարգարե չեմ, բայց իմանալով ՀՀ իշխանությունների հոգեբանությունը, ես նախքան ընտրությունների համոզված էի, որ ապրիլի 2-ի ընտրություններում նրանք այդ 7 տոկոսն էլ չէին վստահելու որեւէ մեկին եւ պետ է ձգտեին 60 տոկոս ունենալ: Դրանով կուսակցական վերահսկողության տակ է հայտնվել դատաիրավական համակարգը, որն ամենակարեւոր լծակն է իշխանությունը պահելու: Հաջորդ տարվանից ունենալու ենք ձեւի փոփոխություն, իսկ բովանդակությունը մնում է նույնը: Այսուհետ ոչ թե նախագահից է կախված լինելու դատական համակարգը, այլ կուսակցությունից, իսկ քանի որ կուսակցությունը կախված է իր գլխավոր քարտուղարից, ապա ունենում ենք նույն վիճակը, ուղղակի նախագահի փոխարեն ունենում ենք կուսակցության նախագահից կախված դատական համակարգ»,-ընդգծեց իրավապաշտպանը:



























