Հայաստանի գյուղացիներին 157 միավոր գյուղտեխնիկա է տրամադրվել լիզինգին սատարելու պետական ծրագրի շրջանակում, այդ թվում՝ 67 տրակտոր եւ 2 կոմբայն: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նրա խոսքով՝ ծրագիրը բավականին հաջող է իրականացվում՝ հաշվի առնելով, որ ծրագրով շահագրգռված են մեծ թվով ագրոտեխնիկայի արտասահմանյան մատակարարներ: Մասնավորապես՝ բացի բելառուսական սովորական տեխնիկայից, Հայաստան գյուղտեխնիկա է մատակարարվում նաեւ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից:
Դրանից զատ, լիզինգային ծրագրի շրջանակում մասնավոր մեկ ընկերություն երկրում հիմնել է մեքենատրակտորային կայան, մյուսը Հայաստան 200 մլն դրամ ընդհանուր արժեքով գյուղտեխնիկա է մատակարարել: Ակնկալվում է, որ 2018 թվականին ծրագրին կմիանան եւս 2 եվրոպական մատակարարներ:
«Այս ծրագիրը տարածաշրջանի համար միանգամայն աննախադեպ է, քանի որ ֆինանսավորումն իրականացվում է ազգային արժույթով: Հետեւողականորեն իրականացնելու դեպքում մեզ կհաջողվի մի քանի տարում վերազինել մաշված տեխնոպարկը»,- նշեց Ռոբերտ Մակարյանը:
Հիշեցնենք, որ գյուղացիները ծրագրի շրջանակում արտոնյալ պայմաններով գյուղտեխնիկա ձեռք բերելու հնարավորություն են ստացել: Լիզինգը տրամադրվում է 9 տոկոսով, որից 7 տոկոսը պետությունն է սուբսիդավորում: Արդյունքում գյուղացիները լիզինգը տարեկան 2 տոկոսով են ստանում 3-ից մինչեւ 10 տարի ժամկետով եւ 20 տոկոս կանխավճարով: Այս փուլում լիզինգային պետական ծրագրին մասնակցում են 4 ֆինանսական կազմակերպություններ:



























