Երեւանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, զեկուցվել է, որ կազմված է հստակ ժամանակացույց՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից վարչական շենքերում Ամանորի տոնական օրերին հերթապահություն իրականացնելու նպատակով:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը նաեւ զեկուցել է, որ սահմանված է լինելու հերթապահություն նաեւ մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում: Տոնական ոչ աշխատանքային օրերին բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու եւ համապատասխան լուծումներ տալու նպատակով հանձնարարվել է շուրջօրյա հերթապահություն ապահովել նաեւ Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում գործող «Թեժ գիծ» ծառայություններում:

Զեկուցվել է, որ տոնական օրերին սպասարկում իրականացնող ենթակառուցվածքներում հնարավոր վթարների մասին ահազանգերին օպերատիվ արձագանքելու եւ առաջացած խնդիրներն արագ կարգավորելու նպատակով էլ հերթապահություն կսահմանվի «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններում:

Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը` հանձնարարել է խստորեն վերահսկել հասարակական տրանսպորտի աշխատանքը՝ իրականացնելով պարբերական շրջայցեր` աշխատանքների կազմակերպմանը հետեւելու նպատակով:

Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը եւ վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ բազմաբնակարան շենքերում վերելակային տնտեսության անխափան շահագործումն ապահովելու նպատակով: Բացի այդ, հանձնարարվել է նաեւ վերահսկել «Սանիտեք» ընկերության կողմից աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու իրականացումը: