Ներկայումս Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ներմուծված թռչնամսի հետազոտություններին զուգահեռ ստուգումներ է անցկացնում տեղական բոլոր թռչնաֆաբրիկաներում, իսկ հետազոտությունների արդյունքները կհրապարակվեն առաջիկայում: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը՝ պատասխանելով «Հետք» լրատվական գործակալության հերթական հետազոտության հետ կապված հարցին, որի համաձայն տեղական հավի ստուգված 9 նմուշից միայն 4-ն է համապատասխանում սահմանված նորմերին:
Ինչ վերաբերում է ներմուծված թռչնամսին, ապա Իշխան Կարապետյանը հիշեցրեց, որ խախտումների մասին ահազանգ ստանալուց հետո ծառայությունը Հայաստանում թռչնամսի բոլոր 16 մատակարարների մոտ ստուգումներ է անցկացրել, խախտման դեպքեր են հայտնաբերվել, որոշակի խմբաքանակներ են առգրավվել, եւ հիմա ավելի ծավալուն հետազոտություններ են անցկացվում: Նա մեկ անգամ եւս հաստատեց, որ ծառայությունը ներմուծված թռչնամսի մեջ հակաբիոտիկների վտանգավոր քանակություն չի հայտնաբերել, ինչպես նշված էր ներմուծված թռչնամսին վերաբերող «Հետքի» առաջին հետազոտության մեջ:
Իշխան Կարապետյանը չհամաձայնվեց լրագրողների այն քննադատությանը, որ ՍԱՊԾ-ը իր գործառույթները չի կատարում, եւ խախտումների մասին հայտնի է դառնում միայն լրատվամիջոցների հրապարակումների շնորհիվ, որից հետո նոր միայն ծառայությունը սկսում է ստուգումներ իրականացնել: Նա նշեց, որ ծառայությունը տարեկան գրեթե 2500 բողոք է քննում, եւ լրատվամիջոցների հրապարակումները սրա ընդամենը փոքր տոկոսն են կազմում:
Ի պատասխան հարցին՝ մի՞թե բաղթողում չէ այն, որ ներմուծված վտանգավոր թռչնամիսը հայտնվել է վաճառասեղաններին՝ անարգել անցնելով սահմանային ստուգումը, նա սկսեց պատմել այն մասին, թե օրենքի համաձայն սահմանին ինչպես են ստուգումներն անցկացվում:
Նրա խոսքով՝ ԵՏՄ երկրներից ապրանքը, որը համապատասխան հավաստագիր եւ համապատասխանության հայտարարագիր ունի, ներմուծվում է առանց լաբորատոր փորձաքննության, միայն փաստաթղթերի ուսումնասիրման հիման վրա: Ինչ վերաբերում է երրորդ երկրներից ներմուծմանը, ապա համակարգը հիմնված է ռիսկերի գնահատման վրա, եւ այդ համակարգի համաձայն՝ ներմուծված թռչնամսի 90 տոկոսը պատկանում է բարձր ռիսկի ապրանքներին: Այս դեպքում իրականացվում է վերցված նմուշների լաբորատոր հետազոտություն, որի հիման վրա ներմուծումը թույլ է տրվում կամ արգելվում: Ասվածից ելնելով վաճառքի համար թույլատրված թռչնամիսը, որը երրորդ երկրներից է մատակարարվել, «ներմուծելիս ստանդարտներին համապատասխանել է»: Մինչդեռ հետագայում նույն ծառայության ստուգած 22 նմուշներից 6-ում, որոնք վերցվել են 16 ներկրողներից 13-ից, սալմոնելա եւ լիստերիա է հայտնաբերվել, որոնք մարդուն պոտենցիալ վտանգ ներկայացնող ախտածին միկրոօրգանիզմներ են:
Ի պատասխան NEWS.am-ի հստակեցնող հարցին՝ այնուամենայնիվ, երրորդ երկրներից ներմուծելիս թռչնամիսը սահմանում ստուգվե՞լ է, Իշխան Կարապետյանը նշեց, որ եթե «ապրանքը Հայաստան է ներկրվել, հետեւաբար սահմանին փորձաքննության ժամանակ անվտանգության մասով խախտումներ չեն հայտնաբերվել»: «Դեպքերը, որոնք վերաբերում են տարբեր խմբաքանակներին, որովհետեւ բեռները մտնում են ոչ թե մի արտադրության ամսաթվով, այլ տարբեր օրերով, մենք պիտի իդենտիֆիկացնենք այդ խմբաքանակը, եւ այդ մասով իրականացնենք փորձաքննություն։ Ի տարբերություն պետական վերահսկողության շրջանակներում իրականացվել են բոլոր խմբաքանակների մասով բոլոր փորձաքննությունները։ Եվ որտեղ շեղում է հայտնաբերվել, այդ մասով ձեռնարկվում են գործողություններ», – ասաց նա։
Այդուհանդերձ, տեղական թռչնամսի անվտանգության հարցը լրագրողների համար բաց մնաց: Սպառողները կարո՞ղ են առանց վախենալու տեղական թռչնամիս գնել, քանի որ «Հետքի» հետազոտություններով դրանցում խախատումներ կան: «Բնականաբար, եթե ինչ-որ բան վաճառվում է, եւ հակառակն ապացուցված չէ, հետեւաբար այն անվտանգ է: Թռչնամիսն ուղեկցվում է սանիտարական փորձաքննության փաստաթղթերով: Քանի դեռ մեր ստուգման շրջանակում չենք հերքել կամ հաստատել փորձաքննության տվյալները, մենք այս կապակցությամբ ոչ մի գնահատական տալ չենք կարող: Հենց արդյունքները պատրաստ լինեն, մենք կհրապարակենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ոչ մի բան «մեր սպառողի կյանքից եւ առողջությունից» առավել չէ:
Իշխան Կարապետյանը նաեւ փորձում էր լրագրողներին բացատրել, որ նմուշառման հատուկ կանոններ կան, որոնց «Հետքը» չի հետեւում։ «Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ դա էդպես է։ Չէ՞ որ դա լուրջ փորձաքննության պիտի ենթարկվի,եւ սահմանված պահանջներին համապատասխան պետք է նմուշառում լինի, որ մենք իսկականից ասենք հաստատում ենք, թե չենք հաստատում («Հետքի» տվյալները – խմբ.)», – ասաց նա, կրկին չհամաձայնելով լրագրողների հետ, որ ժողովուրդը չի վստահում ՍԱՊԾ–ի փորձաքննությանը։



























