Վենետիկի հանձնաժողովի կողմից բավական լավ վերլուծվել է դատական օրենսգրքի նախագիծը, սակայն պարզվում է, որ Վենետիկի հանձնաժողովին է ուղարկվել ոչ այն նախագիծը, որն ԱԺ-ում քվեարկությամբ ընդունվել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Դատական օրենսգրքի ընդունումը խորհրդարանում. խնդրահարույց դրույթներ եւ մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ նշել է Հելսինկյան Քաղաքացիական Ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է 7 առաջարկ, որոնցից 4-ը չի ընդունվել, 2-ը մասնակի է ընդունվել, եւ միայն մեկն է ամբողջությամբ ընդունվել, սակայն ԱԺ-ում բոլորովին այլ նախագիծ է դրվել քվեարկության:
«Այսինքն Վենետիկի հանձնաժողովին մի նախագիծ է ուղարկվել, իսկ ԱԺ-ում մեկ ուրիշ նախագիծ է ընդունվել: Սա մանր կամ խոշոր խուլիգանություն է, որի բուն իմաստը ես չեմ հասկանում: Մի կողմից դա զարմանալի չէ, մյուս կողմից էլ ցույց է տալիս, որ իշխանությունն այնքան վստահ չի իր ներկայացրած նախագծի հետ կապված, որ նման մակարդակի աճպարարությամբ է զբաղվում»,-ասաց Սաքունցը:
Նա տեղեկացրեց, որ դատական օրենսգքրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների մեծ փաթեթ ներկայացվել է նաեւ «Բաց հասարակության հիմնադրամների» արդարադատության խորհրդի կողմից, որոնցից ոչ մեկը չի ընդունվել, անգամ քննարկում չի կազմակերպվել:
«Դատական օրենսգիրքը, մեծ առումով չէր կարող հաղթահարել Սահմանադրությամբ ամրագրված սահմանափակումները, բայց նաեւ հարկ չեն համարել հանրային քննարկման դրել, ինչը վկայում է բռնապետական հակումներ ունեցող գործելաոճի մասին: Զբաղվել աճպարարությամբ ու խուլիգանությամբ, սա արդեն իշխանության ու կայուն մեծամասնության վերաբերմունքն է դատական իշխանության նկատմամբ, իսկ վերջիններիս կողմից ծպտուն անգամ չի լսվում»,-իր խոսքն ամփոփեց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ Դատական օրենսգիրքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է դեկտեմբերի 21-ին:



























