Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեռեւս 20 աշխատակից է կրճատվել: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Միեւնույն ժամանակ, Օրբելյանի փոխանցմամբ, իրենց հանձնարարվել է ավելի մեծ թվով աշխատակիցների կրճատել, սակայն նա որոշել է դա անել ավելի «նուրբ» ձեւով՝ ծանր մասսայական կրճատումների  փոխարեն գնալով աստիճանական կրճատումների:

Իր հերթին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել է, որ թատրոնում պահանջված աշխատակիցների ծայրահեղ ուռճացված ցանկ է եղել, եւ խոսքը ոչ այնքան կրճատումների մասին է, որքան՝ պահանջվող աշխատակիցների թիվը իրականին մոտեցնելու փորձի: