Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը գտնում է, որ հայկական գինին մեծ ներուժ ունի համաշխարհային շուկայում: Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Հայաստանի գինեգործական ընկերությունների արտադրությունը բարձր է գնահատվում տարբեր երկրների գինեգործների կողմից, ինչի մասին են վկայում վերջերս Երեւանում անցկացված Գինու համաշխարհային համաժողովի ընթացքում նրանց դրական արձագանքները:

«Քանի որ հայկական գինու իրացման ավանդական շուկան Ռուսաստանն է, մենք պետք է ավելացնենք ռուսաստանյան շուկա մատակարարման ծավալները, սակայն Հայաստանը ներուժ ունի իր գինին նաեւ այլ երկրներ արտահանելու համար», - ասել է Ռոբերտ Մակարյանը` ավելացնելով, որ գինեգործական ընկերությունների տեխնիկական վերահագեցումը նույնպես կնպաստի դրան:

Նրա խոսքով՝ խաղողագործության եւ գինեգործության աջակցման հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են հայկական գինին արտաքին շուկաներ դուրս բերելուն: Այս պահին աշխատանքներ են տարվում Ֆրանսիայի, Լեհաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի գործընկերների հետ: