Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) որեւէ աշխատակիցը կապ չունի երկրի Զինված ուժերին կարագի փոխարեն մարգարինի մատակարարման դեպքի հետ: Այս մասին դեկտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը:
«Սա հին դեպք է եւ տեղի ունեցել մինչեւ իմ կողմից այս պաշտոնը ստանձնելը, այդ իսկ պատճառով ես մանրամասներին տեղյակ չեմ, սակայն ձեզ հետ միասին հաճույքով կհետեւեմ զարգացմանը: Երբ իրավապահ մարմինները համապատասխան բացատրություններ տան եւ եթե լինեն մեղավորներ, մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ անձինք պատասխանատվության ենթարկվեն»,-ասել է Իշխան Կարապետյանը:
Նա ապատեղեկատվություն է անվանել լուրերն այն մասին, որ կարագի փոխարեն մարգարին մատակարարած ընկերությունը պատկանում է ՍԱՊԾ-ի պաշտոնյային՝ հավելելով, որ ծառայությունը արդեն իսկ հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ:
Ծառայության ղեկավարը նաեւ հերքել է լուրերն այն մասին, որ նա օգտվում է վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորությունից՝ նշելով, որ «ցանկացած գործունեություն գնահատվում է կատարված աշխատանքների եւ արդյունքների հիման վրա»: Ինչ վերաբերում է ՍԱՊԾ-ի նախկին աշխատակիցներ Գեորգի Ավետիսյանի եւ Նարեկ Մանթաշյանի մեղադրանքներին առ այն, որ ծառայությունը աշխատում է օրենքի խախտմամբ, նա նշել է, որ նախկին աշխատակիցների հայցը դատարանում է, եւ դատարանը որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել երկրի Զինված ուժերում կարագի փոխարեն մարգարինի մատակարարման փաստով: Ըստ տեղեկությւնների, մատակարար ընկերություններից մեկը պատկանում է ՍԱՊԾ-ի փոխտնօրեն Եղիշե Մարգարյանին, եւ հենց նրա ճնշման ներքո են փորձաքննության արդյունքները կեղծվել:



























