ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Վարդան Աբգարյանի (Տավուշի մարզ) զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը: Արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի բավարարել սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջները:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անհատ ձեռնարկատեր Վարդան Ավետիսյանի (Շիրակի մարզ), անհատ ձեռնարկատեր Ղեւոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) եւ անհատ ձեռնարկատեր Շուշան Մելքոնյանի (Արմավիրի մարզ) հացի արտադրամասերում արդեն վերացվել են հայտնաբերված խախտումները, դրանց թույլատրվել է վերսկսել աշխատանքը:

Արտադրամասերի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով, բացի այդ՝ Վարդան Ավետիսյանի արտադրամասում հացաբուլկեղենը չէր տեղափոխվել համապատասխան տարաներով եւ «Հաց-հացաբուլկեղեն» մակնշում ունեցող հատուկ փոխադրամիջոցով: Իսկ Շուշան Մելքոնյանի արտադրամասի մեկ աշխատակից չէր անցել պարտադիր բժշկական զննություն: