Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկում է ծառահատումներ կատարող անձանց «պերսոնա նոն գրատա» ճանաչել:
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավագանու նիստում երբ քննարկվում էր Մեխակյան ընտանիքին պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին որոշման նախագիծը, «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը մի պատմություն պատմեց. «Ամիսներ առաջ Գայի պողոտայից ահազնագ ստացանք, որ երկու ծառ է հատվել, Նոր Նորքի թաղապետարանի աշխատակցի հետ գնացինք այնտեղ, պարզվեց, որ ծառերը հատել է ոմն Գագիկ Մեխակյան: Նա եկավ տարածք եւ խոստովանեց, որ ինքն է հատել այդ ծառերը: Երբ նրան ասացի, որ քրեական պատասխանատվության է ենթարկվելու, նա սկսեց մեղքն ուրիշների վրա բարդել՝ նշելով, որ թաղապետարանի աշխատակիցներ են ծառերը հատել: Ես հաղորդում ներկայացրի ոստիկանություն, հարուցվեց քրեական գործ, Գագիկ Մեխակյանն այդ գործով որպես վկա է անցնում: Այժմ Երեւանի ավագանին որոշում է նրան պատկանող հողամասի նշանակությունը փոխելու մասին հարց, նման անձինք պետք է «պերսոնա նոն գրատա» ճանաչվել»:
Այնուամենայնիվ, որոշումն ընդունվեց 47 կողմ, 15 դեմ ձայներով:



























