ՌԴ ռազմակայանը ՀՀ-ում ռուսական գաղութատիրության երկու հիմնական համակարգաստեղծ բաղադրիչներից մեկն է. մյուսը ռուսահպատակ գործակալական վերնախավն է: Այս մասին իր հոդվածաշարի 6-րդ մասում նշել է «Սասնա ծռերի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Նա, մասնավորապես գրել է.

«Եթե անդրադառնանք ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի մասին 1995թ. մարտի 16-ի (ուժի մեջ է մտել 1997թ. նոյեմբերի 11-ին) պայմանագրի (այսուհետեւ՝ Պայմանագիր) նպատակին, որը սահմանված է Պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, ապա կտեսնենք, որ ըստ Պայմանագրի՝ «Ռուսաստանյան ռազմակայանը ՀՀ տարածքում գտնվելու ժամանակահատվածում, բացի ՌԴ շահերը պաշտպանելու գործառույթից, ՀՀ Զինված ուժերի հետ միասին ապահովում է ՀՀ անվտանգությունը»:

Առաջին հայացքից բնական, տրամաբանական եւ նույնիսկ վստահություն ներշնչող այս ձեւակերպումն իրականում գաղութացման բանալի է:

Պատճառն այն է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական շահերը չեն համընկնում: Ռուսաստանը մեր տարածաշրջանում իր շահերը կարող է իրացնել միայն մեր շահերի հաշվին: Իսկ եթե նա ռազմական անվտանգության նկատմամբ խիստ կարիքավոր ու զգայուն Հայաստանում ունի ռազմակայանի նման արդյունավետ ուժային բաղադրիչ, ապա ծրագրային եւ հետեւողական լինելու պարագայում կարող է դրա վրա հենվելով եւ այն գործադրելով՝ Հայաստանը գործիք դարձնել իր համար եւ մինչեւ նրա վերջնական սպառումն այն օգտագործել իր շահերն ապասարկելու նպատակով:

Ռազմակայանի վրա է հիմնվում եւ նրա շուրջն է կառուցվում Հայկական բանակի եւ, առհասարակ՝ մեր պաշտպանական-անվտանգային համակարգի, նկատմամբ ՌԴ-ի ռազմավարական կառավարում հաստատելու, որով՝ դրանց ռազմավարական զարգացման, հզորացման եւ մեր անվտանգության իրական կարիքների մակարդակին հասնելու հեռանկարից մեզ զրկելու (այդ թվում՝ տեխնիկատեղեկութային եւ կադրային մասնագիտական կախյալությունը պահպանելու ու խորացնելու միջոցով) եւ Հայաստանը (Արցախը ներառյալ) վերջնականորեն գաղութ-կայազորի վերածելու Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրի ռազմաքաղաքական ուղղությունը:

Ռազմակայանի առկայության շնորհիվ է, մասնավորապես, Ռուսաստանին հաջողվել փաստացի յուրացնել մեր ՀՕՊ-ը եւ վերահսկողության տակ առնել Թուրքիայի եւ Նախիջեւանի ուղղությամբ տեղակայված զորամիավորումները:

Ռազմակայանի առկայությունն է, որ «իմաստավոր» ու «առարկայական» է դարձնում ռուս-թուրքական երկընտրանքի դավադիր ու կեղծ ձեւաչափը, դրա մեջ ռուսական սվինի ընտրությունը, ինչպես նաեւ մեր անվտանգային ինքնուրույնությունն էապես սահմանափակող եւ, ռուս-թուրքական երկընտրանքից զատ, մեզ համար գոյութենական հավելյալ մարտահրավերներ ստեղծող՝ Ռուսաստանի հետ երկկողմ եւ նրա առանցքով ստեղծված բազմակողմ (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ) ձեւաչափերում Հայաստանի բռնի ու կախյալ մասնակցությունը:

Ասվածից հետեւում է, որ ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի, որպես ռուս-թուրքական ցեղասպան երկընտրանքը գետնի վրա առարկայացնող գործոնի, որպես ռուսական գաղութատիրության երկու համակարգաստեղծ բաղադրիչներից մեկի, առկայությունը եւ գործունեությունը եւ դրա միջոցով իրականացվող ռուսական քաղաքականությունը մեզ զրկում են մեր անվտանգային կարիքներին համապատասխանող ինքնուրույն պաշտպանական-անվտանգային համակարգ ունենալու, այդու՝ ինքնիշխան ազգային պետություն ստեղծելու, Հայրենիքին վերատիրանալու եւ հայության ու Հայաստանի առաքելությունը վերաստանձնելու, ասել է թե՝ ապագա ունենալու հեռանկարից:

Ուստի Ռազմակայանը պետք է դուրս բերվի:

Այդ գործընթացը կարող է իրականացվել երկու տարբերակով՝ փուլային ու մաս-մաս եւ միանգամից ու ամբողջությամբ:

Փուլային ու մաս-մաս տարբերակի պարագայում, որն ավելի նախընտրելի է, քանի որ կողմերին հնարավորություն է տալիս պլանաչափ կերպով լրացնելու իրենց պաշտպանական-անվտանգային համակարգերի բացերը, որոնք օբյեկտիվորեն կառաջանան ռազմակայանը դուրս բերելու պարագայում:

Հայաստանի կողմից այդ տարբերակով Ռազմակայանը դուրս բերելու առաջարկությունը պարտադիր կերպով առնվազն պետք է պարունակի հետեւյալ պահանջները.

1)Ռուսական կողմն անհապաղ կերպով դուրս է բերում Ռազմակայանի երեք տարրերից (ցամաքային, հետախուզական եւ ՀՕՊ ու ավիացիա) երկուսը՝ ցամաքային եւ հետախուզական ստորաբաժանումները՝ թողնելով միայն ՀՕՊ-ը եւ ավիացիան:

2)Պայմանագրի գործողության ժամկետը (Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրության համաձայն՝ մինչեւ 2046թ., հնգամյա ժամանակահատվածներով հետագա երկարաձգումների հնարավորությամբ) վերանայվում է: Այն չի կարող նախկին ժամկետից (2022թ.) ավելի երկար լինել, ընդ որում՝ չի կարող ունենալ երկարաձգման հնարավորություն:

3)ՀՀ-ում ՌԴ Ռազմակայանի գտնվելու արտոնյալ (անհատույց տեղակայում եւ երկկողմ պահպանման ծախսեր) ֆինանսական պայմանները վերանայվում են: ՌԴ-ն պետք է վճարի միջազգային չափանիշներին համապատասխան:

4)Վերաձեւարկվում եւ վերահաշվարկվում են Ռազմակայանի գտնվելու հետ կապված փոխադարձ ֆինանսական պարտավորությունները՝ հաշվի առնելով կողմերի՝ դրանց հետ կապված գործողությունների փաստացի կատարման եւ կատարածի իրական արժողության հանգամանքները:

Միեւնույն ժամանակ՝ հարկավոր է պատրաստ լինել ցանկացած զարգացման եւ, եթե ռուսական կողմը մերժի այս առաջարկությունը, նրանից պահանջել անհապաղ դուրս բերել Ռազմակայանն ամբողջությամբ եւ ապահովել այդ պահանջի կատարումը: