ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաները, տոնական օրերին ընդառաջ, հանդիպումներ են անցկացնում սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կաթնամթերք արտադրողներին զգուշացվել է, որ Ծառայությունը հերթապահություն է սահմանելու տոների ընթացքում եւ հսկողությունը լինելու է առավել քան խիստ:

Ծառայության սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը տնտեսվարողներին հորդորել է ամենայն ուշադրությամբ հետեւել սեփական արտադրանքի որակին՝ զգուշացնելով, որ ժամկետանց ապրանքների իրացման, մակնշման խախտումների դեպքերը պետք է բացառվեն, իսկ հայտնաբերված խախտումների համար կկիրառվեն օրենքով սահմանված խիստ պատժամիջոցներ:    

Կաթնամթերք արտադրողները որոշ դժգոհություններ են հայտնել՝ կապված իրացման ցանցերում պահման պայմանների հետ: Բարձրացված հարցերը քննարկվել են նաեւ իրացման ցանցերի ներկայացուցիչների հետ: Տեսչության պետը հորդորել է ուշադիր լինել սննդամթերքի ժամկետներին ու մակնշումներին՝ ընդունման պահին, հետո նաեւ՝ պատշաճ ապահովել դրանց պահման սահմանված պայմանները:

Տնտեսվարողների հետ հանդիպումների ընթացքում խոսվել է նաեւ 2018-ին սպասվող փոփոխությունների ու անելիքների, Եվրասիական տնտեսական միության կանոնակարգի պահանջների մասին: Ուշադրություն է հրավիրել հունվարից ուժի մեջ մտնող համապատասխանության հայտարարագրի նոր կարգի վրա, տնտեսվարողներին ներկայացվել է ներմուծում իրականացնելիս  պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Ծառայությունն իր պատրաստակամությունն է հայտնել պարբերաբար տրամադրել խորհրդատվություն՝ տնտեսվարողների իրազեկվածությունը բարձրացնելու եւ նոր պահանջներին ծանոթացնելու նպատակով: