«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի (ՀԱԱԳ) գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը եւ «Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանն, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, համագործակցության հուշագիր են ստորագրել:

Համաձայն համագործակցության հուշագրի՝ կողմերը կփոխանակեն արտահանման գործընթացի խթանման համար անհրաժեշտ տեղեկատվություն, համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում ստացված արդյունավետ արտահանման իրականացման համար կիրառվող մեխանիզմների, ընթացակարգերի եւ միջազգային լավագույն փորձի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ կկազմակերպեն համատեղ քննարկումներ, գործարար հանդիպումներ, սեմինարներ եւ վերապատրաստումներ:

Համատեղ միջոցառումների արդյունքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի եւ մարզային մասնաճյուղերի միջոցով ՓՄՁ-ները կիրազեկվեն արտահանման աջակցությանն ուղղված՝ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության կողմից առաջարկվող գործիքակազմի մասին:

Կողմերը կարեւորել են համագործակցության հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ վերջինս կնպաստի արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների բացահայտմանը, ինչպես նաեւ ՓՄՁ ԶԱԿ-ի  եւ ՀԱԱԳ ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: