Երեւանի զարգացման ծրագիրն ընդամենը կեսծ թղթակույտ է, հեքիաթ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի ավագտանու նիստում քաղաքի 2018 թվականի զարգացման ծրագրի քննարկման ժամանակ նշել է «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրա խոսքով, Երեւանի 2018-ի բյուջեում խոսվում է մայրաքաղաքի կանաչապատման մասին, սակայն ամենուր ծառեր են կտրում, խոսվում է մաքրության մասին, բայց Երեւանն այսքան կեղտոտ երբեք դեռ չի եղել, խոսվում է ուղեւորափոխադրումների բարելավման մասին, սակայն սպառնում են ուղեվարձի բարձրացմամբ, իսկ քաղաքապետարանում ամեն ինչ այլ է:
«Անգամ ցերեկն է քաղաքապետարանը լուսավորվում, այն դեպքում, երբ մայրաքաղաքի շատ փողոցներ երեկոյան ժամերին լուսավորություն չունեն: Իսկ քաղաքապետարանի շենքն այնպես են ջեռուցում, որ երբ պատուհանները բաց ես թողնում, գլոբալ տաքացում է սպառնում»,-ընդգծեց Աղեկյանը:
Նա նաեւ նշեց, որ այն պարագայում, երբ Երեւանում բազմաթիվ անտուն երեխաներ կան, աղքատության շեմը գնալով բարձրանում է, գումարը ծախսում են Երեւանն անճաշակ լույսերով զարդարելու վրա. «Այնպես են քայլում անճաշակ լույսերով զարդարված Երեւանով, որ զարմանում ես»:
Սոնա աղեկյանը անդրադարձավ նաեւ «Յունիգրաֆ իքս» կազմակերպությանը, որը զբաղվում է մայրաքաղաքի շների ստերիլիզացմամբ: Նա նշեց, որ կազմակերպությունը անտուն շներին քնեցնում է ծանր մահակների օգնությամբ կենդանիների գլուխը կոտրելով: Նա կոչ արեց ավելի մեծ ուշադրություն դարձնել անտուն կենդանիների խնդրին եւ նրանց հետ այդպես դաժան չվարվել. «Եկող տարին շան տարի է, կոչ եմ անում հարգանքով վերաբերվել չորքոտանի բարեկամներին»,-ասաց «Երկիր Ծիրանիի» անդամը:
Նշենք, որ Երեւանի ավագանին ընդունեց 2018 թվականի Երեւանի զարգացման ծրագիրը:


























