Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հաստատեց Երեւանի զարգացման 2018 թվականի ծրագիրը:
Այն ավագանու նիստում ներկայացրեց Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը՝ նշելով, որ ծրագիրը բխում է քաղաքի 2017-2022 թթ․ հնգամյա ծրագրի դրույթներից եւ ուղղված է ապահովելու մեկ տարվա կտրվածքով դրա իրականացումը։
Ըստ այդմ, 2018 թվականին լուծում կստանա Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի հիմնախնդիրը. «2018 թ․ ամբողջ ծավալով կիրականացվեն Երեւանի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքները, որոնք ուղղված են Երեւան քաղաքի կենտրոնի եւ կենտրոնական փողոցների տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը։ Մասնավորապես 2018 թ․ շահագործման կհանձնվի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածը։ Կմեկնարկեն եւ կշարունակվեն Բաբաջանյան-Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ ճանապարհների կառուցման աշխատանքները»,-ընդգծեց Նիկոյանը:
Բացի այդ, Երեւանի զարգացման ծրագրով նախատեսվում է 2018-ին Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում նոր աղբավայրի կառուցել, որը կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան:
Փոխքաղաքապետը նաեւ ներկայացրեց, որ ծրագրով 2018-ին կիրականացվեն բազմաբնակարան շենքերի հիմնախնդիրների աստիճանական լուծում. Մասնավորապես, 2 վթարային շենքեր կամրացվեն, նաեւ կյանքի կկոչվի 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագիրը։



























