Երեւանում թափառող կենդանիների հստակ թիվը չունենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավագանու նիստից հետո հարց ու պատասխանի ժամանակ ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանի այն դիտարկմանը, թե ինչպես է ստացվում, որ միջազգային կազմակերպության հետազոտության արդյունքներով մայրաքաղաքում կա շուրջ 3600 թափառող շուն, մինչդեռ քաղաքապետարանը մրցույթ հայտարարելիս նշում է 14 հազար շուն:

«Անկեղծ ասած, խորը ուսումնասիրություն չենք արել, տարիներ շարունակ բողոքների, քաղաքացիների պահանջների, աշխատանքները կազմակերպելու համար աճ է գրանցվել, մարզերից էլ են շները գալիս Երեւան, հետեւաբար, հստակ չենք կարող ասել՝ ինչքան թափառող կենդանի կա Երեւանում: Հորդորում ենք բոլորիդ, որ մեզ օգնեք: Հստակ է, որ կան թափառող շներ, քաղաքացիները բողոքում են, բայց չենք կարողանում հարցը լուծել: Առաջարկություններով հանդես եկեք, Դավիթ Օհանյանը պատրաստ է 24 ժամ քննարկել հարցը ձեզ հետ»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ թափառող կենդանիների հարցով տարիներ շարունակ զբաղվում է «Յունիգրաֆ իքս»-ը, որը ըստ տարբեր ահազանգերի, ոչ թե վնասազերծում է շներին, այլ սպանում: Չնայած բազմաթիվ բողոքներին՝ ամեն տարի քաղաքապետարանի կողմից հայտարարվող մրցույթներին հենց այս ընկերությունն է հաղթում: