Հայաստանում շինարարության ոլորտի նորմատիվ-տեխնիկական բազան պետք է թարմացվի եւ վերազինվի։ Այս մասին դեկտեմբերի 26-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս երկրի տարածքում գործում է  շինարարության ոլորտի շուրջ 1000 նորմատիվ-տեխնիկական փաստաթուղթ, որից 564-ը մնացել է դեռեւս խորհրդային տարիներից, իսկ 436-ը անկախության ձեռքբերումից հետո են մշակվել:

«Այս ուղղությամբ պետական հանձնաժողովը եւ կառավարությունը ակտիվ աշխատում են: 2017 թ.-ին մշակվել է 8 նորմատիվ փաստաթուղթ, որոնցից 5-ը առաջնահերթ են համարվում, եւ դրանց թարմացման համար անհրաժեշտ կլինի մոտ 330 մլն դրամ: Այս նախագծերի համար մենք ֆինանսավորման աղբյուրներ ենք փնտրում»,-ասաց Արմեն Ղուլարյանը: