Հայաստանի նման փոքր տնտեսության դեպքում ՀՆԱ 7 տոկոսի աճը մեծ ցուցանիշ չէ, ասենք եթե 100 միավոր ապրանք ունես ու 7 տոկոսով աճում է, դառնում է ընդամենը 107: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշելէ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով փաստին, որ 2017 թվականի 11 ամիսների արդյունքում Հայաստանում արձանագրվել է ՀՆԱ 7 տոկոսից ավելի աճ:

Նրա խոսքով, Հայաստանում 2017 թվականի 11 ամիսների կտրվածքով 7 տոկոսից ավելի տնտեսական աճը պայմանավորված է մի քանի պատճառներով. «Նախ Հայաստանը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի արտահանում իրականացնի նաեւ այնպիսի երկրներ, որտեղ նախկինում չի արտահանել: Այսինքն արտահանման ոլորտում դիվերսիֆիկացիա տեղի ունեցավ: Ավելացան նոր երկրներ, որոնք նախկինում չէին եղել:

Արտահանման ծավալների ավելացման մյուս կարեւոր պատճառը, որը նաեւ արդյունաբերական ապրանքների աճի ծավալի վրա է դրականորեն անդրադարձել, ռուսական տնտեսությունն է, որը սպասվածից ավելի արագ առողջացավ եւ եթե անգամ Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատում է, որ աճը 1,8 տոկոս պետք է լինի, ռուսական իշխանություններն արդեն 2 տոկոսի աճի մասին են խոսում: Իսկ Ռուսաստանի մասշտաբով երկու տոկոսի աճը էական փոփոխություն է: Հայկական ընկերությունները, որոնք արտահանում էին ՌԴ, այս առիթից օգտվեցին, հատկապես կոնյակի, գինիների, թարմ մրգերի, բանջարեղենի մաքսատուրքը շատ ցածր է»:

Երրորդ պատճառռն, ըստ մակարյանի, այն է, որ եթե արտադրության ծավալները շատ են, բնականաբար, տնտեսական ակտիվությունը պետք է ավելանար եւ ՀՆԱ-ի աճ տեղի ունենար. «Այսինքն մենք այսօր ունենք ավելի լավ տրամադրություններ, վստահության ավելի բարձր մակարդակ կառավարության բարեփոխումների հանդեպ»:

Տնտեսական աճի պատճառներից մեկն էլ, Գագիկ Մակարյանի խոսքով, այն է, որ Հայաստանում ներդրումային որոշակի ծրագրեր այդուհանդերձ գործարկվեցին. «Օրինակ, ՀԷՑ-ի համակարգում, արեւային էներգետիկայի ոլորտում, նաեւ ջերմոցներ ու այգիներ հիմնվեցին: Դրանք իրենց հերթին թե տնտեսական ակտիվությունը բարձրացրեցին, թե ազդեցին ընդհանուր ծավալների վրա»:

Այդուհանդերձ Գագիկ Մակարյանը կարծիք հայտնեց, որ թեեւ թվերը հնչեղ են, բայց պետք է հաշվի առնել, որ Հայաստանի նման փոքր տնտեսության դեպքում 7 տոկոսի աճը մեծ ցուցանիշ չէ. «Ասենք եթե 100 միավոր ապրանք ունես ու 7 տոկոսով աճում է դառնում ընդամենը 107: Այլ խնդիր է, եթե մեր տնտեսությունը մեծ լիներ, այդ դեպքում տոկոսների աճը գլոբալ մեծ փոփոխություն կառաջացներ, որը նաեւ ժողովուրդը կնկատեր: Իսկ այս դեպքում այդ փոփոխությունները նկատեցին այն ընկերությունների աշխատողները, որոնք այդ ընկերություններում աշխատում են: Այսինքն եթե կոնյակ արտադրողները ավելի բարձր ծավալներ են ապահովում, ապա Կոնյակի գործարանների աշխատողների համար դրական տեղաշարժ եղավ, աշխատավարձերը չուշացան, գուցե աշխատավարձերն ավելացան: Որպեսզի մյուս քաղաքացիներն զգան տնտեսական աճի ազդեցությունը, աճի այդ մակարդակը պետք է պահպանվի նաեւ 2018 եւ 2019 թվականներին»: