Որպեսզի Հայաստանում կարողանանք աղքատությունը նվազեցնել, կամ գործազրկությունը գոնե 2 անգամ կրճատել, պետք է շուրջ 100 հազար աշխատատեղ ստեղծենք, բայց մենք 100 հազար աշխատատեղ 1-2 տարում չենք կարող ստեղծել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշելէ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով փաստին, որ 2017 թվականի 11 ամիսների արդյունքում Հայաստանում արձանագրվել է ՀՆԱ 7 տոկոսից ավելի աճ:
Նրա խոսքով, այսօր խոսվում է տարեկան ընդամենը մոտ 15 հազար աշխատատեղի մասին, այն էլ մի մասը տեղից տեղ են տեղափոխվում, այսինքն դրանք զրոյից ստեղծվող աշխատատեղեր չեն. «Այսօր ընդամենը մի քանի հարյուրից մինչեւ 2-3 հազար նոր աշխատատեղ է ստեղծվում զրոյից: Հաջորդ տարի, կարծում եմ, այդ թիվը կավելանա ինտենսիվ այգիների, ջերմոցների հիմնադրման, տարբեր ներդրողների շնորհիվ: Բացի այդ, արաբական, հնդկական կամ իրանական ընկերություններն այստեղ հողեր են ձեռք բերում, այգիներ են հիմնադրում, որն իր հերթին կաշխուժացնի համակարգը, բայց դա եկող տարի կլինի: Այսինքն այն մարդիկ, որոնք դեռ աշխատանք չունեն, առանձնապես չներքաշվեցին այս գործընթացների մեջ եւ չեն էլ զգա փոփոխությունները»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ 2018 թվականին էլի հասարակության մեջ դրական փոփոխությունների զգացողությունը չի լինի:
«Մենք պահպանողական տարի ենք ունենալու 2018-ին, որովհետեւ մի կողմից կա գնաճի ու թանկացումների ռիսկը, դոլարի եւ եվրոյի փոխարժեքները բարձր կմնան, մյուս կողմից նաեւ տնտեսական աճ կլինի: Տնտեսական աճը կգա հակակշռելու գնաճին, թանկացումներին ու դոլար-եվրոյի բարձր փոխարժեքներին: Հետեւաբար, ենթադրել, որ քաղաքացին կզգա տնտեսական աճի ազդեցությունը, ճիշտ չի լինի: Մենք այդ մասշտաբները չենք ապահովել, որ ասենք, աղքատությունը գոնե մի 5 տոկոս նվազեր, ասենք 30-ից դառնար 25 տոկոս, կամ գործազրկությունը պաշտոնական 14 տոկոսից դառնար 4 տոկոս, տասնյակ հազարավոր մարդիկ զբաղված դառնային»,-ընդգծեց Գագիկ Մակարյանը:
Միակ դրական բանը, որ 2018-ին դրական մակարդակում կպահվի, ըստ տնտեսագետի, տրանսֆերտներն են աշխատանքային միգրանտներից, հատկապես Ռուսաստանի տնտեսության վերականգնման շնորհիվ. «Այնտեղից մեր միգրանտների աշխատանքն ավելի լավ կվարձատրվի, ռուբլու փոխարժեքը կբարձրանա: Դա դրական կլինի 2018-ին: Մնացած մասով 2018-ը մեզ մոտ 2017 թվականից կարող է էական չտարբերվի, միայն 2019-ին կարելի է ենթադրել էական փոփոխություններ»:




























