Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորում է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի մասին հարցն ուղղել արտաքին գործերի նախարարությանը:
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուբեն Թաթուլյանը, որն ԱՄՆ ֆինանսների նախարարության սեւ ցուցակում է հայտնվել օրենքով գողերի հետ կապի համար, ունի ՀՀ դիվանագիտական անձնագիր եւ Հայաստանի ներդրողների ակումբի անդամ է, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Պետք է լավ իմանաք, որ հատկապես դիվանագիտական անձնագրի հարցով պետք է դիմեք ոչ թե Ազգային ժողովի փոխնախագահին, այլ արտաքին գործերի նախարարությանը: Սա իմ լիազորությունների շրջանակում չէ, հատկապես դիվանագիտական անձնագրի հետ կապված: Չկա դատական ատյանի վճիռ: Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ներդրումներն ու աղբյուրները պետք է լինեն օրինական, բայց մի մոռացեք, որ վճիռ չկա»:
Նշենք, որ Ռուբեն Թաթուլյանն ու հայազգի այլ գործարարներ Հայաստանի ներդրողների ակումբի միջոցով պատրաստվում են 150-180 մլն դոլար ներդրում անել «Շնող» ՀԷԿ-ի կառուցման համար: Օրերս, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակեց սեւ ցուցակ, որում նաեւ Ռուբեն Թաթուլյանի անունը կա:



























