Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը իր գործունեության ընթացքում  204 ուսումնական սեմինարներ է անցկացրել ագրարային վարկերի սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ այս սեմինարներին մասնակցել են 5105 գյուղացիներ, որոնցից 4,700-ը ստացել են մասնակցությունը հավաստող վկայականներ: 2017 թ. հիմնադրամը նաեւ անցկացրել է ավելի քան 40 խորհրդատվական կրթական խմբակային սեմինարներ, որոնց մասնակցել են 530 գյուղացիներ: Բացի այդ, հիմնադրամի աջակցությամբ Երեւանում կազմակերպել է 1040 գյուղատնտեսական տոնավաճառ`ավելի քան 12000 գյուղացիների  մասնակցությամբ:

«2018 թվականին գյուղացիներին խորհրդատվության տրամադրման հիմնադրամի ծրագրի ճանապարհային քարտեզը ամբողջությամբ կազմված է: Դրա մշակմանը մասնակցել են ոչ միայն վարչական շրջանների ղեկավարներ, այլ նաեւ գյուղացիներ»,–նշեց Գեւորգյանը՝ հավելելով, որ կրթական սեմինարների անցկացման պիլոտային ծրագրի իրականացման համար հիմնադրամը համագործակցում է տարբեր ֆինանսական կառույցների եւ մասնագիտացված հաստատությունների հետ:

Հիմնադրամը նաեւ պետական ծրագրի շրջանակներում իրականացնում է լիզինգային աջակցության  մոնիտորինգ, մասնավորապես, 2017 թվականին իրականացվել է գյուղատնտեսական վարկերի նպատակային օգտագործման՝ մասնավորապես,  16 միավոր տեխնիկայի ձեռքբերման համար  տրամադրված վարկի մոնիտորինգ: 2018 թվականին նախատեսվում է իրականացնել 240 միավոր գյուղատնտեսական մեքենաների նպատակային օգտագործման մոնիտորինգ:

«2018 թվականին մենք կշարունակենք կրթական խմբակային սեմինարները, որոնք կներառեն առնվազն 750 գյուղացիների, իսկ հաջորդ տարի կմեկնարկի անասնաբուծական կոոպերատիվներին խորհրդատվության տրամադրման ծրագիրը»,–հայտնեց  հիմնադրամի ղեկավարը:

Հիշեցնենք, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ստեղծման մասին որոշումն ընդունվել էր  2017 թվականի մարտի 9-ի կառավարության նիստում: Հիմնադրամը  նպատակաուղղված է լինելու  ոլորտի զարգացմանն  համար միջոցների կուտակմանը, մրցունակ եւ ժամանակակից գյուղատնտեսության զարգացման աջակցությանը, ինչպես նաեւ դոնորային ծրագրերի համակարգմանը: