Ըստ էության, սկսվել է Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնելու կամպանիա եւ դրա մեխն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքը չի առաջարկում իր թեկնածությունը, այլ նրան խնդրում են, աղաչում են, որ ստանձնի այդ ծանր ու պատասխանատու պաշտոնը ու ինքը ստիպված ընդառաջում է քաղաքական վերնախավին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ հավելելով, որ ամենահավանական տարբերակը հենց դա է:
Նրա խոսքով, այդ մասին փաստում են նաեւ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաների վերջին հայտարարություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանի թեկնածությանն այլընտրանք չկա ու եթե հարկ լինի, իրենք կխնդրեն Սերժ Սարգսյանին ստանձնել այդ պաշտոնը:
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ նա ամենայն հավանականությամբ, կմնա իշխանության մեջ. Սերժ Սարգսյանը կստանձնի պետության ղեկը, իսկ տնտեսական ու ֆինանսական բլոկի պատասխանատվությունը կստանձնի Կարեն Կարապետյանը:
Էդգար Վարդանյանն անդրադարձավ նաեւ նախագահական կառավարման մոդելին՝ նշելով, որ այդ համակարգը ինքնին այլընտրանք չէր թողնում այն մարդուն, որն ավարտում է իր պաշտոնավարումը եւ պետք է գտնի տարբերակ՝ պահպանելու իր ռեսուրսները. «Այդ մարդը գրեթե միշտ եղել է շատ բարձր պաշտոնների եւ ունեցել է լուրջ լծակներ ու անգամ այն ժամանակ, երբ չի եղել վարչապետ կամ նախագահ, նա եղել է «սուպեր նախարար»: Ժամանակին այդպես էին ասում, այսինքն՝ մարդ, որը ոչ թե զուտ պաշտոնյա է, այլ՝ լուրջ ռեսուրսներ, լծակներ ու որոշակի շրջանում հեղինակություն ունի»:



























