Խորհրդարանական ընտրությունները մեխանիզմ էին իշխանությունների վերարտադրության համար, եւ իշխանություններն օգտվեցին այդ մեխանիզմից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, «2017 թ.ներքաղաքական զարգացումների ամփոփում. ի՞նչ սպասել 2018-ին» թեմայով քննարկման ժամանակ նշել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Նրա խոսքով, ինչպես նախկինում, վերջին խորհրդարանական ընտրությունների մեխանիզմի հիմնական մեխն այն էր, որ ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում. «Տեղի է ունենում որոշակի միջոցառում, որն ապահովում է իշխանությունների հնարավորինս օրենքի ինչ-որ տառի համապատասխան վերարտադրություն: Հիմնական խնդիրը, որ պարբերաբար կրկնվում է եւ այս անգամ եւս կրկնվեց, այն էր, որ չեն ապահովում հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար, ակնհայտ է, որ համապետական սփռում ունեցող հեռուստաընկերությունների կողմից կողմնակալություն կա հօգուտ իշխանություններին: Թեեւ էլի տարբեր թեկնածուներին հնարավորություն տրվում է արտահայտվելու, բայց խմբագրական քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, կողմնակալ է: Նաեւ մինչեւ ընտրական փուլը հավասար պայմաններ բոլորի համար չի ապահովվում»:

Էդգար Վարդանյանը կարեւորեց նաեւ վարչական ռեսուրսի օգտագործումն իշխանությունների կողմից. «Հայաստանում վարչական ռեսուրսների օգտագործումն ունի իր յուրահատկությունները: Դա այն է, որ, ըստ էության, կիրառվում կամ շահարկվում է, օգտագործվում է մարդկանց կախվածությունը տարբեր ուժեղ խաղացողներից: Դրանք օլիգարխներն են, թաղային հեղինակություններն են, ուղղակի բարձրաստիճան չինովնիկներն են, գյուղապետերը եւ նման տարատեսակ իշխանություն ունեցող սուբյեկտները: Այդ կախվածության հիման վրա, փաստորեն, ընտրակաշառք առաջարկելով, տարատեսակ ճնշումներ բանեցնելով, կարողանում են ապահովել հանրության մասնակցությունն այն առումով, որ հանրության մի զգալի հատված գնում եւ իրականում քվեարկում է հօգուտ իշխանությունների: Բայց դա ազատ կամքի արտահայտում չէ»:

Քաղաքագետի խոսքով, իշխանությունները փորձում էին խնդիրները լուծել ընտրատեղամասից դուրս, այսինքն՝ այնպես անել, որ ակնառու, շատ կոպիտ, բռի խախտումներ չլինեն ընտրատեղամասերում. «Կարծում եմ՝ երկու հանգամանք կա, որը դրդում է իշխանություններին նման գործելակերպ որդեգրել: Առաջինը. կա որոշակի ակտիվ քաղաքացիական հատված, որ բավականին լուրջ փորձ ունի պայքարի եւ հստակ ձեւակերպել է իր պահանջները, իրականացնում է մոնիթորինգ, իրականացնում է որոշակի ճնշում: Երկրորդը, որը նույնպես որոշակիորեն կապված է առաջինի հետ, դա Արեւմուտքի ազդեցությունն է,  իշխանությունները կախված են նաեւ Արեւմուտքից: Կրեմլը չի կարողանում ամբողջությամբ բավարարել իշխանությունների պահանջները, եւ իշխանությունները ստիպված, նաեւ որպեսզի որոշակի դիվիդենտներ, որոշակի ռեսուրսներ ստանան Արեւմուտքից, պետք է զիջումներ անեն եւ առնվազն այդ ֆոնը պետք է ապահովեն: Այ, հիմնականում սրանով է պայմանավորված այդ մոդիֆիկացիան»: