Հանրապետականների մոտ խառնաշփոթ է առաջանում, երբ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ ուզում է մնալ վարչապետի պաշտոնում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով, երկար տարիներ ՀՀԿ-ում ամեն ինչ հրահանգներով է եղել, եւ հիմա, երբ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ ուզում է մնալ վարչապետ, սա խառնաշփոթ է առաջացնում. «Հետո էլ Գալուստ Սահակյաննէ սկզբում քողարկված քարոզում, փորձում համոզել Սերժ Սարգսյանին, որ վարչապետ դառնա, իսկ վերջին շրջանում ոչ միայն Սերժ Սարգսյանի PR-ն է անում, այլ նաեւ փորձում է սեւ PR իրականացնել նրա հնարավոր մրցակից Կարեն Կարապետյանի դեմ: Սա բավականին անսովոր վիճակ է ՀՀԿ-ի համար: Նրանք մտածում են, որ առանց «շեֆի» հետ համաձայնեցնելու, դժվար թե, նման բան ասեր»,-ասաց քաղաքագետը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Գալուստ Սահակյանի ասածը բոլոր դեպքերում արջի ծառայություն է, քանի որ նրա ասածը ցանկացած դեպքում սեւ փիառ է. «Եթե Գալուստ Սահակյանը Մերսեդես էլ քարոզի, Մերսեդեսի վաճառքները կարող են ընկնել, նա այդպիսի կերպար է»:



























