Հայաստանի իշխանություններն իրենց համար հնարավորինս կոմֆորտային ընդդիմություն ձեւավորելու փորձ ունեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Անդրադառնալով ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններին նա նշեց, որ այս անգամ ընտրական միջոցառումների մեխանիզմների մեջ ձայների վաճառքի, վարչական ռեսուրսի ազդեցության տակ գործողություններ անելու այս մեխանիզմի մեջ ավելի շատ զանգվածներ ներքաշվեցին:

«Մարդիկ չտեսնելով որեւէ ռեալ այլընտրանք եւ ընդհակառակը՝ լուրջ կասկածներ ունենալով «այլընտրանք» կոչեցյալների նկատմամբ, նաեւ դառը փորձ ունենալով՝ շատ դեպքերում հիասթափվում են որեւէ քաղաքական պրոցեսում մասնակցություն ունենալուց եւ այդ օրվան սպասում են այնպես, ինչպես մի հերթական օրվա, երբ կարելի է գոնե ինչ-որ գումար վաստակել:

Ինչո՞ւ եմ ասում այլընտրանք չունենալով հիասթափվել, որովհետեւ բավականին շատ դեպքեր են եղել, որ նույն նախագահական ընտրություններից հետո տվյալ պահի այլընտրանք կոչեցյալն ինքն էր իշխանության հետ սակարկությունների մեջ: Իսկ եթե ավելի պարզ ասենք՝ վաճառում էր ինչ-ինչ դիվիդենտներ, փոշիացնում էր, չէր կապիտալացնում, քաղաքական կապիտալի չէր վերածում եւ վերածում էր սովորական կապիտալի: Եվ կարծես թե հասարակության մի ստվար զանգվածի մոտ արմատավորվել է այն կարծիքը, որ մեզ միջնորդներ պետք չեն իշխանության հետ փողային հարաբերության մեջ մտնելու համար»,-ընդգծեց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա հասկանալի է, որ ցանկացած երկրում, իշխանությունը ցանկանում է իր համար հնարավորինս կոմֆորտային ընդդիմություն ձեւավորել:

«Իշխանությունը շատ դեպքերում մտածում է ընդդիմության փոխարեն, թե ով պետք է ներկայացված լինի եւ մոտավորապես ինչ քվոտայով աշխարհաքաղաքական համամասնություն ապահովի, որովհետեւ միայն պրոռուսական ընդդիմությունն էլ նորմալ երեւույթ չի համարվում, պետք է ապահովել նաեւ արեւմտամետ իմիջով ընդդիմություն: Հիմա կարծես թե դա «Ելքն»-ն է»,-ասաց նա՝ հավելելով, որ հասարակությունն էլ իր մեղքի բաժինն ունի, որը բարոյական դեգրադացիոն վիճակում է եւ վերցնելով 10 հազար դրամը, քվեարկել է իշխանության օգտին: