Հայաստանի Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը 2018 թվականից կսկսի անասնաբուծական կոոպերատիվներին խորհրդատվական աջակցություն տրամադրելու ծրագրի իրականացումը: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանը:

Վերջինիս գնահատմամբ` այս ծրագիրը համայնքներում գյուղատնտեսական ռեսուրսների մրցունակության բարձրացման եւ կառավարման ծրագրի բաղկացուցիչն է: «Այս միջոցառումների նպատակն է աջակցել անասնապահության զարգացմանը, բարելավել անասնաբուծական  ուղղվածությամբ համայնքների արոտավայրերը, ինչպես նաեւ աջակցել անասնաբուծական արտադրանքի արտադրությանը», - նշել է հիմնադրամի ղեկավարը:

Գեղամ Գեւորգյանի հաշվարկներով՝ վերոնշյալ աշխատանքների արդյունքում անասնապահական կոոպերատիվների կովերի կաթնատվությունը կբարձրանա 20%-ով, 20%-ով

կավելանա նաեւ անասունների գլխաքանակը: Միեւնույն ժամանակ, նախատեսվում է 15-20% աշխատատեղերի աճ այն մարզերում, որտեղ իրականացվում է այս ծրագիրը:

Հիմնադրամը ծրագրի շրջանակներում աշխատում է Հայաստանի 8 մարզերի 110 անասնաբուծական կոոպերատիվների հետ: