Երեւանյան քաղաքային մշակույթը համալրվեց եւս մեկ վայրով: Այսուհետ հայ արվեստասերներն ու հատկապես գրքասերները կարող են մասնակից դառնալ ժամանակակից ստեղծագործողների «ընդհատակյա», արվեստանոցային քննարկումներին ու զրույցներին, սակայն արդեն՝ հանրային տարածքում: Դեկտեմբերի 26-ին Երեւան քաղաքի կենտրոնում կայացավ «Նոյյան Տապան» գրախանութի եւ «Ակտուալ արվեստ» հրատարակչության համատեղ նախաձեռնության՝ «Ակտուալ ակումբի» բացումը: «Ակտուալ ակումբը» գրադարան-սրճարան-ընթերցարան է՝ հենց գրախանութի ներսում, որտեղ գործում է ցուցասրահ, բուկինիստական ընտրյալ գրքերի բաժին, ակտուալ գրքերի անկյուն եւ, իհարկե, սրճարան: Ակումբի բացումը նշելու էին եկել գրողներ, նկարիչներ, մշակութային գործիչներ եւ պարզապես գրքասերներ (ֆոտոռեպորտաժ):
«Ակտուալ արվեստ» հրատարակչության տնօրեն, նկարիչ Մկրտիչ Մաթեւոսյանը, NEWS.am-ի հետ զրույցում խոսելով ակումբի ստեղծման գաղափարի մասին, նշեց, որ պահանջ կար քաղաքում ունենալ քննարկումների եւ գաղափարների փոխանակման մի վայր: «Նախատեսում ենք ակումբում կազմակերպել գրքերի շնորհադեսներ, քննարկումներ, ցուցահանդեսներ, ընթերցումներ եւ շեշտը դնելու ենք հենց այն բանի վրա, որպեսզի այս վայրը դառնա հնարավորություն երիտասարդների համար՝ կենդանի, գործող գրական միջավայրում միմյանց հետ շփվելու եւ, որն ամենակարեւորն է, ավագ սերնդի ստեղծագործողների հետ խոսակցություն ունենալու համար»:
Գաղափարի համահեղինակ, «Ակտուալ արվեստ»-ի խմբագիր Դավիթ Մոսինյանի խոսքով՝ փորձ է արվել ստեղծել հանրային մի վայր, որը միտված կլինի Երեւանը յուրակերտելուն, «քոնը» դարձնելուն: «Երեւանում, ինչպես եւ աշխարհի բոլոր քաղաքներում, կա քաղաքը գրավելու խնդիր՝ ոչ թե ռազմական իմաստով, այլ քաղաքը հանրային սեփականություն դարձնելու իմաստով, որպեսզի դու շնչես ազատ, մտածես ազատ, լինես ազատ, եւ ակումբը նպատակ ունի դառնալ ազատ չնչել ցանկացող այդպիսի մարդկանց հավաքատեղի», - շեշտեց Դավիթ Մոսինյանը:
Իչպես նշեց գաղափարի հեղինակ, «Նոյյան Տապան» գրախանութի PR եւ իվենթ մենեջեր, բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը, վայրը իսկական նվեր է գրքասերի համար: «Մտածում էի՝ ինչ կցանկանայի տեսնել այստեղ՝ որպես ընթերցող, գրող, գրքասեր: Արդյունքում առաջ եկավ գրադարան-սրճարան-ընթերցարան ստեղծելու միտքը՝ վայր, որտեղ մարդիկ կարող են հանդիպել, սուրճ կամ թեյ խմել, կարդալ, խոսել սիրած գրքերի եւ հեղինակների մասին, մտքեր փոխանակել, քննարկել»: Նման «բաց» եւ «բացող» միջավայրի կարիքը, ըստ Հասմիկ Սիմոնյանի, Երեւանում կար, եւ այս առումով ակումբի ստեղծումը իսկապես ակտուալ էր:
Նույն օրը կայացավ նաեւ «Ակտուալ Արվեստ» հրատարակչության «Ֆերեշ» մատենաշարի շնորհանդեսը: Ներկայացված գրքերի շարքում էին Դոստոեւսկու «Կրկնակը» եւ «Գրառումներն ընդհատակից», Կոնստանտին Վագինովի «Այծերգությունը», ինչպես նաեւ Փարաջանովի սցենարների ու պատմվածքների հայերեն թարգմանությունները: Շնորհանդեսին մասնակցում էին նաեւ Լեոնիդ Ցիպկինի «Ամառը Բադենում» վեպի եւ Անդրեյ Պլատոնովի «Երջանիկ Մոսկվան» գրքի ազդօրինակները: Ինչպես նշեց մատենաշարի թարգմանիչը՝ Վարդան Ֆերեշեթյանը, եթե ընթերցողները ցանկանան բաժանորդագրվել, ապա հնարավոր կլինի ապահովել նշված գրքերի որոշակի տպաքանակ:
Ի դեպ, «Ակտուալ արվեստ» հրատարակչության գրքերը կվաճառվեն միայն «Նոյյան Տապան» գրախանութում:


























