Որքան հասարակությունն անձնավորված է, այնքան ռիսկերը շատ են։ Այդ մասին «168 Ժամ»  թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանին տված հարցազրույցում հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Դիտարկմանը, թե ապրիլին մնացել է մի քանի ամիս, եւ դեռ պարզ չէ՝ ով է լինելու ՀՀ վարչապետ, ով՝ նախագահ, Կարապետյանը պատասխանել է. «Ասուլիսի ժամանակ ասել եմ, որ այդ հարցին չեմ պատասխանելու։ Բայց մի անգամ էլ ասեմ, եւ այս թեման փակենք։ Որքան հասարակությունն անձնավորված է, այնքան ռիսկերը շատ են։ Հիմա մենք փորձում ենք համակարգ ձեւավորել։ Շատ հստակ ձեւակերպել ենք, որ ապրիլի 9-ին իշխող կուսակցությունը՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ, որոշում կկայացնի, թե ով որ պաշտոնը կզբաղեցնի»։

Ըստ Կարապետյանի, իհարկե, անձը միշտ դեր ունի։ «Բայց անձի դերը որքան մինիմիզացվում է, որքան համակարգը կարողանում է անձի լավ կարողությունները մեծացնել, եւ հակառակը՝ ամորտիզացնել կամ սահմանափակել (եթե երկրի գլուխ որեւէ պատահական մարդ հայտնվի), այդ համակարգն ավելի կանխատեսելի է եւ հեռանկարային»,- նշել է նա։

Հարցին, այս անորոշ վիճակը բացասաբար չի՞ ազդումբիզնեսի եւ տնտեսության վրա, Կարապետյանը պատասխանել է. «Ցավոք սրտի, այդպես է։ Պետք է ընդունենք, որ այդպես է, եւ քայլ առ քայլ  ձեւավորելով իշխանություն, պետք է բերենք նրան, որ այդ գործոնների հիման վրա շատ սպասումներ չլինեն։ Իսկ մոտեցումը՝ «եկեք սպասենք երկուշաբթիին, որ տեսնենք՝ ինչ է լինում», իհարկե, տնտեսության վրա որոշ ազդեցություն ունենում է»։