Հայաստանը TESLA-ի հետ քննարկում է կուտակիչ կայաններ կառուցելու ծրագիրը։ Այդ մասին «168 Ժամ»  թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանին տված հարցազրույցում հայտնել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Խոսելով ներդրողների ակումբի ծրագրերի մասին՝ նախարարը նշել է. «Առաջինը, որի մասին բազմիցս ասել ենք, Շնող ՀԷԿ-ի ծրագիրն է, որը նախնական գնահատականներով՝ կկազմի 150-200 մլն դոլար, դա խորհրդային ժամանակներից ի վեր չկառուցվող հէկ էր, որի նախագծումը սկսվել է դեռ խորհրդային ժամանակներում, բայց խորհրդային պետությունը չկարողացավ նույնիսկ ավարտել կամ նույնիսկ սկսել շինարարությունը:

Երկրորդ, արդեն սկսել ենք նախահաշվարկային աշխատանքները կոշտ թափոնների վերամշակումից էլեկտրաէներգիայի ստացման կայանի կառուցման համար: Ծրագիրը դեռ նախագծային, նախահաշվարկային փուլում է, բայց նախնական գնահատումներով՝ կկազմի 60-80 մլն դոլար, ընդ որում՝ սա կլինի Կոտայքի եւ Սեւանի տարածաշրջաններում պիլոտային ծրագիր: Այն հետո կտարածվի մնացած բոլոր մարզերում»:

Ըստ Մանուկյանի, ներդրողների ակումբի ծրագրերից շատ կարեւոր նշանակություն ունեցավ Հայաստանում առաջին արդյունաբերական նշանակության արեւային կայանի կառուցումը: Իր տեսակի մեջ լինելով եզակի՝ այն խթան հանդիսացավ, եւ դրանից 6 ամիս անց Հայաստանում հայտնվում են նոր արեւային կայաններ:

«Մի կարեւոր հանգամանք էլ նշեմ, այդ տիպի կայանների կողմից արտադրվող էներգիայի ծավալների մեծացմանը զուգահեռ՝ ի հայտ է գալիս այդ էլեկտրաէներգիան կուտակելու անհրաժեշտություն։ Հակառակ դեպքում մենք պետք է արտադրենք ու կորցնենք, քանի որ հնարավորություն չունենք այդ պահին սպառելու: Եվ հենց դրա հետ է կապված ներդրողների ակումբի հաջորդ ծրագիրը, որն այս պահին քննարկվում է TESLA-ի հետ, զուգահեռ՝ նաեւ այլ արտադրանքի հետ. փորձում ենք նաեւ կառուցել կուտակիչ կայաններ: Առաջին պիլոտայինը կլինի Դդմաշենում` մինչեւ 15 մեգավատտ հազորությամբ կուտակիչ կայանի կառուցում: Սրա նախնական արժեքը 15-17 մլն դոլար է: Այս 4 ծրագրերն արդեն ընթացքի մեջ են, նախագծային, նախահաշվարկային փաստաթղթերի մշակման փուլում են»,- ասել է նախարարը։

Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է. «Եթե մեզ հաջողվի իրականացնել այս վերջին ծրագիրը, դա սկզբունքորեն կփոխի մեր էներգետիկ անվտանգությունը: Թեպետ էներգետիկ անվտանգության տեսակետից մեր երկիրն առանց այն էլ Եվրոպայի պետությունների մեծամասնությունից շատ ավելի անվտանգ է, այսինքն՝ ֆորսմաժորային պայմաններում գազի մատակարարում, եւ այլն: Ինչպես պարոն Մանուկյանն ասաց՝ արեւային էներգետիկայի զարգացումը կունենար սահման, եթե մենք կուտակիչ ակումուլյատորների խնդիրը չենք լուծում, որովհետեւ ռեակտիվ հզորության սպառման խնդիր կա»:

Հարցին,  իսկ այս կուտակիչների ծրագիրը չի՞ հակասում «Գազպրոմի» շահերին, վարչապետը պատասխանել է. «Ոչ, շուկա է: Ամեն մեկը պետք է փորձի շուկային արձագանքել: «Գազավիկները» պետք է մտածեն՝ ոնց են իրենց վաղվա օրը կառուցելու»: