Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ Ընտրական  օրենսգրքում, որոնք ուղղված են մասնավորապես վարչական ռեսուրսի չարաշահման եւ հարկադրանքով քվեարկելու դեպքերը կանխելուն:

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կառավարության նիստում հարցը ներկայացրել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնուամենայնիվ, ընտրությունների ժամանակ տեղի ունեցան մի շարք բացասական երեւույթներ, այս փոփոխությունների նպատակն է կանխել այդ երեւույթները: Վարչական ռեսուրսի չարաշահման մասով մեր ընտրական օրենսգիրքն, իհարկե, պարունակում է մի շարք դրույթներ, սակայն մի քանի հարցերի վերաբերյալ նոր առաջարկներ ենք անում:

Մասնավորապես, ընդլայնվում է այն անձանց շրջանակը, ում պարագայում մենք մտցնում ենք նախընտրական քարոզչությանը մասնակցելու սահմանափակումներ: Մասնավորապես, եթե նախկինում ունեինք հանրային ծառայողներ, այժմ անդրադարձ ենք կատարում առողջապահական եւ բժշկական կազմակերպություններին, ուսումնական, նախադպրոցական հաստատություններին: Նաեւ ամրագրում ենք, որ ոչ թե իրենց լիազորություններն իրականացնելիս իրենք իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնել, այլեւ ի պաշտոնե գործելիս:

Մենք նման սահմանափակումները տարածում ենք նաեւ պետական եւ համայնքային հիմնարկների աշխատակիցների վրա, ինչպես նաեւ այն կազմակերպությունների վրա, որտեղ պետությունը կամ համայնքն ունեն 20 տոկոսից ավելի մասնակցություն»,-ասաց նախարարը:

Նա խոսեց նաեւ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած եւս մեկ երեւույթի մասին, երբ անձին հարկադրում են մասնակցել կամ չմասնակցել քարոզչությանը:

«Մենք համարելով, որ սա շատ լուրջ արարք է, այն քրեականացնում ենք, ավելին, որոշակի նորմերով խստացնում ենք պատասխանատվությունը եւ համարում ենք որակյալ հանցակազմ, այն դեպքերում, երբ օգտագործվում է ծառայողական կամ այլ տիպի կախվածությունը: Երբ ենթադրենք որեւէ կազմակերպության սեփականատերը կամ տնօրենը հարկադրում է իր աշխատակիցներին մասնակցելու կամ ձեռնպահ մնալու նախընտրական քարոզչությանը մասնակցելուց»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Այդուհանդերձ, նա կառավարությունից 5 օր ժամանակ խնդրեց, քանի որ Ընտրական օրենսգրքի մի դրույթ ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական եւ պետք է օրենքը համապատասխանեցնել Սահմանադրությանը: «Բացի այդ, Դատախազությունն առաջարկում է խստացնել սանկցիաները նախընտրական քարոզչության ժամանակ ընտրակաշառք տալու հետ կապված»,-ընդգծեց արդարադատության նախարարը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակվել էր «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից  մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում էր ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից: Այս փաստի առթիվ քրգործ էր հարուցվել, ապա կարճվել:

Այս առնչությամբ Դավիթ Հարությունյանը հայտարարել էր. «ՍԱՍ»-ի գործի հետ կապված մեր քրեական օրենսդրությունն ուներ լուրջ բաց, որն էլ հնարավորություն չընձեռեց նման դեպքերում, թեև ինքս համարում եմ նման դեպքերն անթույլատրելի, կատարել քրեական իրավունքով նախատեսված քայլեր: Նման դեպքերում կառավարությունը պետք է անմիջապես մշակի այնպիսի փոփոխություն, որ այսուհետ նման դեպքերը դառնան քրեորեն պատժելի»: