Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Համաներման մասին» օրենսդրական նախաձեռնությանը, «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերին: Փաթեթը կառավարության դեկտեմբերի 28-ի նիստում ներկայացրել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Մասնավորապես, առաջարկվում է ներդնել քրեակատարողական հիմնարկում պատժի մեղմացման հնարավորությունը,  որոշակիացվել են մարդկանց շրջանակը, ովքեր կարող են խնդրագիր ներկայացնել:

«Սահմանադրությունը նախատեսում է, որ նախագահը օրենքով սահմանված դեպքերում լուծում է ներում շնորհելու հարցը, սակայն հարցն ինքնին բավականին բարդ է եւ պահանջում է մի շարք լուրջ կարգավորումներ: Մասնավորապես՝ ի՞նչ է նշանակում ներում: Մենք ենթադրում ենք, որ ներումը ենթադրում է լրիվ կամ մասնակի պատժից ազատում, կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինել»,-ըդգծեց նախարարը:

Նրա խոսքով, նաեւ սահմանվում է, թե ով կարող է դիմել ներման խնդրագրով. «Մենք ընդլայնում ենք կազմը եւ նշում, որ այլ անձինք եւս կարող են դիմել նման միջնորդագրով: Ինչ պահանջների պետք է բավարարի ներման խնդրագիրը, ինչ գործընթաց պետք է անցնի: Ընդհանուր գաղափարը հետեւյալն է. ներման հարցով ՀՀ նախագահին դիմում է վարչապետը, որից հետո գործում են սահմանադրական այն դրույթները, որով ՀՀ նախագահը կամ կարող է ստորագրել նախագիծը, կամ առարկություններով վերադարձնել: Իսկ եթե դիմումը պնդում են, նախագահն ունի երկու այլընտրանք, կամ դիմում է ՍԴ կամ ընդունում է իրեն ներկայացված ակտը:

Նաեւ կարգավորում ենք, որ եթե ներման խնդրագիրը մերժվում է, երբ կարող է անձը կրկին դիմել ներման համար»,-ընդգծեց նախարարը:

Առաջարկը կառավարության կողմից ընդունվեց: