Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Սեւան» ազգային պարկի բարեփոխման եւ զարգացման հայեցակարգին: Համապատասխան որոշումը ընդունվել է դեկտեմբերի 28-ի կառավարության նիստում: Ծրագիրը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նախարարին հանձնարարական է տրվել մշակել եւ մեկ տարվա ընթացքում ներկայացնել «Սեւան» ազգային պարկի բարելավման ռազմավարությունը եւ միջոցառումների ցանկը: «Այս հայեցակարգի նպատակն է տնտեսական ակտիվության աճի եւ ներդրումներ ներգրավմանը զուգահեռ ապահովել տնտեսական եւ բնապահպանական շահերի հավասարակշռության պահպանումը», - ասաց Մինասյանը:
Ռազմավարությունը պետք է մշակվի երեք սկզբունքների հիման վրա՝ ռեսուրսների սահմանափակություն, ազգային անվտանգություն, բնապահպանական հավասարակշռության վերականգնում։
Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե որքա՞ն ժամանակում է ծրագիրը ներկայացվելու: Նախարարը պատասխանեց, որ այն պետք է ներկայացվի 2018 թվականի ընթացքում:
«Մի տարի ծրագիր ե՞ք ներկայացնում»,- արձագանքեց վարչապետը։
Արծվիկ Մինասյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է ռազմավարությանն և միջոցառումների ծրագրին: «Հունվարի վերջ, մե՛կ ամիս», – հանձնարարեց վարչապետը։




























