Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 28-ի նիստում բավարարեց «Շատո Առնո» ՍՊԸ կողմից ներկայացված դիմումը 3 տարի ժամկետով ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգելու մասին: Որոշման նախագիծը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
Ժամկետը հետաձգվում է ապրանքների ներմուծման հայտարարագրման պահից: Փոխնախարարի խոսքով՝ ներդրումային ծրագրի շրջանակներում «Շատո Առնո» ընկերությունը մտադիր է վերսկսել իր երկրորդ մասնաճյուղի շենքի վերականգնումը Արարատի մարզի Այնթափ գյուղում ալկոհոլային խմիչքների արտադրություն կազմակերպելու նպատակով: Ընկերությունը նախատեսում է նաեւ հարակից սարքավորումների ձեռքբերման համար 76.1 մլն դրամ ներդնել: «Այս առումով ընկերությունը հարկային արտոնությունների կարիք ունի»,-ասաց Խաչատրյանը: Ընկերությունը վստահեցնում է, որ նոր մասնաճյուղում կստեղծվի 15 աշխատատեղ, որի միջին ամսական աշխատավարձը կազմելու է 120 հազար դրամ:




























