Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, թե Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը ահաբեկիչ է, իրավական հիմքեր չունեն: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՏԱՍՍ»ը:
«Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիայի նախագահը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ահաբեկիչ է անվանել, ապա Սիրիայի կառավարության ներկայացուցիչները գտնվում են ՄԱԿ-ում եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնում են Սիրիայի կառավարությունը. այդ իսկ պատճառով հայտարարությունը ինքնին, նույնիսկ առանց լրացուցիչ գնահատականների եւ փաստարկների, չունի որեւէ իրավական հիմք», - նշել է Զախարովան:
«Բարոյական բաղադրիչի մասին ես չեմ խոսի: Իրավական տեսանկյունից նման հայտարարությունները անհիմն են», - ավելացրել է դիվանագետը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Թունիսում հայտարարել էր «Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համագործակցության անհնարինության մասին», ով, վերջինիս պնդմամբ, «սպանել է իր միլիոնավոր քաղաքացիներին»:




























