2015թ.-ի տարեվերջին Լոռու մարզի Գուգարք գյուղի երկհարկանի քոթեջներում բռնկված հրդեհի հետեւանքով մոխրացել էր 6 բնակարան, 6 ընտանիք հայտնվել էր դրսում: Հրդեհն այնքան արագ էր տարածվել, որ բնակիչներին ոչինչ չէր հաջողվել փրկել:

Բնակիչների խոսքով՝ հրդեհից հետո 80.000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն էր տրամադրել Գուգարքի համայնքապետարանը՝ բնակարաններ վարձակալելու համար: Ավելի ուշ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջամտությամբ երկրորդ հարկի բնակիչներին հատկացվել էր 100.000-ական, առաջին հարկում բնակվողներին՝ 50.000-ական դրամ: Որոշակի ֆինանսական աջակցություն էլ հատկացվել նաեւ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի կողմից:

Ֆինանսական աջակցությունների շարքն, ըստ բնակիչների, այսքանով սահմանափակվել էր: Բնակարանների ձեռք բերման համար ֆինանսական աջակցության ակնկալիք ունեցող բնակիչները կորցրած գույքի ու բնակարանների համար այդպես էլ փոխհատուցում չէին ստացել:

Օֆելյա Եգանյանի մոտ հրդեհից մնացած տպավորությունները դեռ թարմ են: Ասում է՝ վարկով գույք էր վերցրել, որը սակայն հրդեհի ժամանակ մոխրացել է:

«Երկու տարի մոխրի համար վարկ եմ վճարել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշում է նա:

Մյուս բնակչուհին՝ Գոհար Այվազյանը, որի առողջական վիճակը վերջին երկու տարիներին կտրուկ վատացել է, հիմա միայն մի բան է երազում՝ ունենալ սեփական բնակարանը:

«Երկու տարին լրացել ա, բայց հույս չունեմ: Վեր եմ կենում, Աստծուն եմ խնդրում, էն էլ եսիմ»,- ասում է նա: