Երեւան քաղաքի բնակիչները, ընդհանուր առմամբ, գոհ են Երեւանի քաղաքապետի 2017 թվականի գործունեությունից։ Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «GALLUP International association» անդամ հանդիսացող «Էլ Փի Ջի» ընկերության տնօրեն Արման Նավասարդյանը։

Այսպես, հարցին, թե ինչպես են քաղաքացիները գնահատում Երեւանում ընդհանուր փոփոխությունները անցնող տարում, հարցվածների 67.9 տոկոսը պատասխանել է դրական: Հարցվածների 34.4 տոկոսը համարում է, որ տրանսպորտի խնդիրը մայրաքաղաքի ամենալուրջ խնդիրն է մնում, 29.1 տոկոսը` աղբահանության եւ 12.4 տոկոսը՝ բնապահպանական խնդիրներն են համարում լուրջ խնդիր: Միեւնույն ժամանակ, որպես ամենացանկալին, որ քաղաքացիները կցանկանային Երեւանում տեսնել,  նշվել են մշակութային միջոցառումները եւ կանաչ գոտիների ավելացումը: Բացի դրանից, Երեւանի բնակիչները ամենադրական փոփոխություններն են համարում այգիների եւ պարկերի բարելավումը։

 «Երթուղային տաքսիների առումով մենք բավական լուրջ խնդիրներ ունենք: Այնուամենայնիվ, նույն խնդիրը անցած տարի եւս կար»,-ասել է Նավասարդյանը` հավելելով, որ որպես խնդիր նշվել են նաեւ քաղաքի որոշ հատվածներում կանաչապատման, լուսավորության, անվտանգության եւ մաքրության հարցերը: Այսպիսով, լուսավորության տեսանկյունից Կենտրոնը ստացել է ամենաբարձր դրական գնահատականները, իսկ ամենացածրը` Նուբարաշենը: Միեւնույն ժամանակ, մայրաքաղաքի բնակիչներից շատերը դժգոհ են եղել Կենտրոն վարչական շրջանում աղբահանության կազմակերպման հարցում քաղաքապետարանի գործունեությունից: Դրա հետ մեկտեղ, այս առումով ամենաբարձր դրական գնահատականները տրվել են Դավթաշենի բնակիչների կողմից:

Այն հարցին, թե քաղաքացիներն ինչպես են գնահատում քաղաքի արտաքին տեսքը,  միայն 15.3 տոկոսն է  պատասխանել լավ: Ինչ վերաբերում է քաղաքապետի աշխատանքը հինգ  միավորանոց համակարգով գնահատելուն, ապա Նավասարդյանը նշել է, որ բնակիչները չորս են գնահատել (4.1 միավոր)

Ընդհանուր առմամբ, Երեւանում անցկացված հարցմանը մասնակցել է 620 մարդ: