2017 թվականին «Հայկական ճարտարապետության հետազոտության հիմնադրամը» հրատարակել է «Հայոց պատմությունը» գրքերի շարքի երկրորդ հատորը, որը նվիրված է Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Սալմաստ գավառին: Այս մասին դեկտեմբերի 29-ին 2017 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսում ասաց հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ցավոք, այսօր ամբողջ գավառի տարածքում ընդամենը մի քանի հայ է բնակվում, Սալմաստ քաղաքում: Մինչդեռ 1940-ական թվականներին ավելի քան 20 գյուղ հայերով էր բնակեցված, նրանք դպրոցներ եւ նույնիսկ թատրոն ունեին: Գավառը դատարկվեց 40-ականների, այսպես կոչված, հայրենադարձության ժամանակ, երբ այստեղից հայերը Խորհրդային Հայաստան տեղափոխվեցին: Սամվել Կարապետյանի կարծիքով՝ Սալմաստ գավառի դատարկումը չի կարելի հայրենադարձություն անվանել, քանի որ այս մարդիկ ոչ թե իրենց պատմական հայրենիքն էին վերադառնում, այլ այն լքում էին:
Սամվել Կարապետյանը նշեց, որ գրքում ներկայացված է ոչ միայն հայկական ժառանգությունը, այլեւ այս տարածքում ապրած բոլոր ժողովորդների: «Չորս գյուղերում ասորիներ են բնակվել, իսկ նրանց շիրմաքարերին եւ եկեղեցիների վրա ասորերենով արձանագրություններ կան, ինչպես նաեւ ֆրանսերեն եւ լատիներեն: Կան նաեւ պարսկերենով արձանագրություններ, եւ նույնիսկ վրացերեն»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանի կողմից Վրաստանը նվաճելուց հետո այս փաստից դժգոհ շատ վրացիներ վերաբնակվել են Սալմաստում:
Մասնագետի խոսքով՝ գրքերի շարքը հրատարակելիս հիմնադրամն առաջնորդվել է այն սկզբունքով, որ մենք պարտավոր ենք տեղյակ լինել Մեծ Հայքի տարածքում, «մեր տանը» բնակված այլ ժողովուրդների մշակութային ժառանգությանը, քանի որ դա «մեր հողի, մեր հայրենիքի պատմությունն է»:
Ասորերեն տեքստերը թարգմանելիս հիմնադրամին օգնել է Վերին Դվին գյուղի քահանա Նիկոդիմ Յուխանաեւը՝ այսօր Հայաստանում դասական ասորերենին միակ տիրապետողը: Ֆրանսերեն եւ լատիներեն տեքստերի թարգմանությանն օգնել է Ալեքսանդր Քանանյանը:
Գրքում զետեղված են տեղացի հայերի կյանքի ամենատարբեր պատմություններ, եւ այս պատմությունները, որպես կանոն, տխուր են, տեղեկացրեց Սամվել Կարապետյանը: Սակայն նրա համար ամենավատ բացահայտումն այն էր, որ հայերն այստեղ զոհվել են ոչ միայն այլ ժողովուրդների ձեռքով, այլ նաեւ ազգամիջյան, միջկուսակցական գժտությունների հետեւանքով: «Ժողովրդի հոգին են հանել կուսակցությունները իրար ուտելով»,- ասաց նա՝ հավելելով, որ Դաշնակցություն եւ Հնչակյան կուսակցությունները պայքարել են միմյանց դեմ, իսկ գերեզմանատեղիներում մեծ թիվ են կազմում սպանված արմենականները: Տեղական իշխանություններն էլ տուգանքներ են սահմանել անհնազանդ գյուղերի վրա, եւ սա բերել է նրան, որ ունեւոր գյուղերը հայտնվել են տնտեսական աղքատության շեմին:
«Սալմաստ» հատորի հրատարկմանը հովանավորել է ԱՄՆ բնակիչ Դանիել Սահակյանը, որը ծնունդով այս գավառից է: Հայերեն գրքի տպաքանակը 1000 օրինակ է, պատրաստվում է նաեւ անգլերեն տարբերակի հրատարակումը:
Շարքի առաջին հատորը լույս է տեսել 2 տարի առաջ, որը կոչվում է «Հայոց Ձոր»: «Այս նախագիծը կոչված է Մեծ եւ Փոքր Հայքերի բոլոր նահանգների բնակավայրերը ներկայացնելուն: Այս երկու Հայաստանները միասին ունեցել են մոտ 1600 գավառ եւ 12 հազար բնակավայր»,- ասաց նա:
Սամվել Կարապետյանը հայտնեց, որ երբ շարքի բոլոր հատորները հրատարակվեն, դրանց կազմի կռնակները միասին կկազմեն Մեծ եւ Փոքր Հայքերի քարտեզը: Նա լրագրողներին ցույց տվեց, որ 2 հատորների կազմերի կռնակները միասին «արդեն մոտեցել են Փոքր Հայքի սահմանին»:
Երրորդ հատորը, որը կներկայացնի Վանա լճից հյուսիս տեղակայված Արծկե գավառը, կհրատարակվի 2018 թվականին Մշակույթի նախարարության պատվերով:
.jpg)




























