Խոսակցություններն այն մասին, որ անոմալ տաք եղանակը երկրաշարժ է կանխատեսում, գիտական հիմնավորում չունի: Այս մասին դեկտեմբերի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը` մեկնաբանելով սոցիալական ցանցերում հայ օգտատերերի հրապարակումները:

Նրա խոսքով՝ վախը, որ օդի բարձր ջերմաստիճանի դեպքում երկրաշարժ կգրանցվի, պահպանվում է հայերի գիտակցության մեջ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից ի վեր։ «Քաղաքացիների համար եւս մեկ անգամ կնշեմ, որ ոչ մի գիտական ապացույց, որ մթնոլորտային երեւույթները կապված են երկրաբանական գործընթացների հետ, չկա»,-ընդգծեց Սուրենյանը։

Նա ավելացրեց նաեւ, որ Հայաստանում նկատվող   ձմռան համար անորմալ բարձր ջերմաստիճանային ռեժիմը  կշարունակվի մինչեւ հունվարի 10-ը: Մոտ ապագայում սառը օդային զանգվածների ներթափանցումը չի սպասվում:

Օդերեւութաբանի խոսքով՝ այս պահին Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ բարձր լեռնային շրջաններում ձյան  ծածկույթ չկա, ինչը աննախադեպ անոմալ  երեւույթ է:

Դիտարկումների համաձայն՝ 2017 թվականը հիմնականում հագեցված էր կլիմայական անոմալիաներով: Հունվար, փետրվար եւ մարտ ամիսներին Հայաստանի ողջ տարածքում կտրուկ ցուրտ եղանակ էր գրանցվել, օդի ջերմաստիճանն իջել էր կլիմայական նորմայից ցածր 8-10 աստիճանով: Այնուհետեւ աննախադեպ տաք ամառ  էր գրանցվել, երբ Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը գերազանցել էր 40 աստիճան Ցելսիուսը, իսկ շոգը ուղեկցվել էր բազմաթիվ անտառային հրդեհներով: Ներկայումս էլ գրանցվել է  անոմալ տաք դեկտեմբեր։

Եվ անոմալ ջերմությունը առկա է ոչ միայն Կովկասում, այլ նաեւ Եվրոպայում եւ Կենտրոնական Ռուսաստանում: Հակառակ պատկերն  է Արեւելյան Սիբիրում եւ Հյուսիսային Ամերիկայում: