Ոչ մի պատճառ չկա ՀՀԿ թեկնածուին աջակցելու համար, ով էլ որ նա լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե «Ծառուկյան» դաշինքը ՀՀ նախագահական ընտրություններում չունի թեկնածու, հնարավոր է, որ աջակցի ՀՀԿ թեկնածուին, քանի որ եթե չհավաքվի անհրաժեշտ ձայների քանակը (առնվազն 79-խմբ.), ապա թեկնածուներից ոչ մեկը չի հաղթի:
Պետք է նշել, որ անգամ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չունեն ձայների անհրաժեշտ քանակը:
«Այն, որ առաջին փուլում պետք է 79 ձայն հավաքել, բացառապես նրանց խնդիրն է»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ հաջորդ փուլ անցնելու համար, թեկնածուները պետք է հաղթահարեն առաջինը, որտեղ պետ քէ հենց այդ 79 ձայնը հավաքեն: Հաջորդ փուլում քվեարկությունը պետք է անցնի սովորական մեծամասնության սկզբունքով:
Բացի այդ նա նշել է, որ ՀՀԿ խնդիրներն իրենց չեն անհանգստացնում եւ չեն վերաբերում:
Պատասխանելով հարցին՝ արդյոք «Ծառուկյան» դաշինքը հաջորդ տարի կաջակցի ՀՀԿ-ին, եթե ՀՅԴ-ն ընդդիմութուն դառնա, ինչպես այդ մասին գրում է մամուլը, Զոհրաբյանն ասել է, որ քաղաքականությունն իր համար կոնկրետ փաստն է եւ գործող իրականությունը՝ ընդգծելով, որ նրանք բազմիցս նշել են, որ իրենց օրակարգում ՀՀԿ հետ կոալիցիա ձեւավորելու հարցը դրված չէ, իսկ մնացածը ըստ նրա «նորությունների էլեգիայի ժանրից է»:
«Երկու ուժերը, որոնք կոալիցիան են ստեղծել, թող բարի լինեն, իրականացնեն իրենց պատասխանատվությունն այնպես, որ հնարավոր լինի երկիրն այս աղետալի վիճակից հանել», - ասել է նա:
Համաձայն Սահմանադրության փոփոխություններին՝ հաջորդ տարվա ապրիլից հետո, երկրում առաջին դեմքը կլինի ոչ թե նախագահը, այլ վարչապետը: Նախագահին 7 տարի ժամկետով կընտրի Ազգային ժողովը:
Նախագահ կդառնա այն թեկնածուն, որը կկարողանա պատգամավորների ընդհանուր թվից ձայների 3/4-ը ստանալ , այսինքն՝ 105-ից առնվազն 79-ը:
Հիշեցնենք, որ 9 պատգամավոր ունեցող «Ելքը» որոշել է Արտակ Զեյնալյանին ներկայացնել որպես նախագահի թեկնածու եւ դիմել է «Ծառուկյան» դաշինքին, որն ունի 31 մանդատ՝ առաջարկելով Զեյնալյանի թեկնածությունն առաջադրելու մասին խորհրդակցություններ անցկացնել: Հաստատվել է նաեւ թեկնածուների առաջադրման շեմը: Այսպես, պետք է ատնվազն 27 պատգամավոր առաջադրվի:




























