Երբ Կալիֆորնիայում ուժեղ հրդեհներ են բռնկվել, ամերիկուհի Ջեն Թոմփսոնը որոշել էր ապաստան տրամադրել հրդեհից փրկված կատուներից գոնե մեկին, 10 տարի առաջ իր անհետացած կատվի հիշատակին։ Բայց մի օր նրան զանգահարել են ու հայտնել, որ Պիլոտը գտնվել է, հայտնել է «Մոյա պլանետան»։
Կատուն անհետացել էր 2007-ին երեք տարեկանում։ Նա փախել էր ու չէր վերադարձել ։ Թոմփսոնը երկար փնտրել է նրան , բայց ի վերջո հուսահատվել է՝ կարծելով, թե կատվին հոշոտել են կալիֆորնիական շնագայլերը։
Մի քանի տարի անց նա տեղափոխվել է Կոլորադո, երկու այլ կատուներ ձեռք բերել ու որոշել նաեւ հրդեհներից տուժած մի կատվի ապաստան տալ։ Ու հանկարծ 2017 հոկտեմբերին նրան զանգահարել են Կալիֆորնիայի կատուների օթեւանից ու հայտնել, որ անհետացած կատուն գտնվել է։
Պիլոտը ողջ էր, բայց ուժեղ տուժել էր հրդեհներից։ Նրան մի քանի վիրահատություն էր պետք, որոնց համար միջոցները Ջենը հավաքել է քրաուդֆանդինգի միջոցով։ Նրան ընդամենը 500 դոլար էր պետք, սակայն հավաքվել էր 4000 դոլար։ «Մարդիկ անկեղծորեն ձգտում էին օգնել մեզ։ Ես ցնցված էի»,- պատմել է Թոմփսոնը։
Այրվածքներ ստացած կատվին գտել էին չիպի շնորհիվ, որը Պիլոտին ամրացրել էին, երբ նա դեռ փոքր էր։ Պիլոտն արդեն 13 տարեկան է։ Բազմաթիվ փորձություններից հետո նա վերջապես տանն է, իր տանտիրուհու կողքին։





























