Դանիայի կենդանաբանական այգիները հայտնի են իրենց կենդանիների հանդեպ ոչ ավանդական մոտեցումով։ Այստեղ ավելորդ կենդանիներին սպանում են ու կազմակերպում սպանված կենդանիների ցուցադրական «դիահերձում»։ Բացի դրանից այստեղ սկսել են ընտանի կենդանիներով կերակրել գիշատիչներին, հայտնում է Nat-geo-ն։
Կոպենհագենի ու Գիվսկուդի դանիական կենդանաբանական այգիները ընտանի կենդանիներին ընդունում են, որպեսզի դրանցով կերակրեն գիշատիչներին։ Այս մասին պատմել է մայրաքաղաքի կենդանաբանական այգու աշխատակցուհի Աննա Սոֆի Էլլերը։ Վագրերին, առյուծներին ու մյուս գիշատիչներին հիմնականում տավարի կամ ձիու մսով են կերակրում։
Մի քանի տարի առաջ ֆերմերներն իրենք են դիմել Կոպենհագենի կենդանաբանական այգու ղեկավարությանը՝ խնդրելով որպես կեր ընդունել իրենց ծեր կենդանիներին, քանի որ դրանք տնտեսության համար ավելորդ բեռ են դարձել։ «Շներ ու կատուներ ոչ մի դեպքում չեն ընդունում, դա հակաբնական է նույնիսկ վայրի բնության համար»,- ասել են կենդանաբանական այգում։ Խոսքը ճագարների, ծովախոզուկների ու այլ կրծողների մասին է։ Նաեւ՝ ձիերի։
Իր ամբողջ հակասությունով հանդերձ՝ այդ մտահղացումն ունի նաեւ դրական կողմեր։ Կենդանաբանական այգիները կոչ չեն անում սպանել ընտանի կենդանիներին։ Շատերը հոգնում են իրենց ընտանի կենդանիներից ու նրանց փողոցում են թողնում, որտեղ նրանք հաստատ կսատկեն սովից, ցրտից ու հիվանդություններից։ Մինչդեռ այս ձեւով կարելի է օգնել ֆաունայի մյուս ներկայացուցիչներին, շեշտում է կենդանաբանական այգու ղեկավարությունը։
Բացի դրանից դանիական կենդանաբանական այգիները համարում են, որ պետք է իրենց այցելուներին ծանոթացնեն վայրի բնության դաժան իրողությանը։ Երեխաներին «ճագարների մասին դրախտի մասին» պատմելու փոխարեն ծնողները կարող են երեխաներին ցույց տալ գիշատիչների արյունոտ «կերուխումը», ինչն ավելի ազնիվ է։




























