Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել կոչով՝ անդրադառնալով տարվա կարեւոր իրադարձություններին, ձեռքբերումներին եւ բացթողումներին:
Նախկին նախարարի կոչում մասնավորապես ասվում է. «Տարվա ամենակարեւոր իրադարձությունը թերեւս ապրիլյան խորհրդարանական ընտրություններն էին, եւ որպես կանոն, համապետական, ինչպես նաեւ մեր միջազգային հեղինակության, վարկի բարձրացման համար նշանակություն ունեցող այսպիսի միջոցառումը պետք է մեր ժողովրդի կյանքում կտրուկ առաջընթացի պայմաններ ապահովեր։
Սակայն արդյո՞ք արդարացան ժողովրդի սպասումները։ Արդարության եւ ժողովրդավարության նոր ցուցանիշներ ապահովեցի՞նք։ Ձեւավորվե՞ց արդյոք փոխըմբռնման եւ համերաշխության մթնոլորտ։ Ավելի հավատով լցվեցի՞նք արդարության տառը պաշտպանող համակարգի հանդեպ։ Կգտնե՞նք համազգային սպառնալիք հանդիսացող դեմոգրաֆիկ խնդիրների լուծման ճանապարհները։ Գտնվեցի՞ն արդյոք երկիրը տնտեսական, քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղիները: Կգտնե՞նք ներուժ՝ խուսանավելու տարածաշրջանային բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, կամրապնդե՞նք մեր անվտանգության համակարգը։
Այսօր այս կարեւորագույն հարցերի շուրջ զօր ու գիշեր աշխատելու, ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու եւ իրականությանը համապատասխանող լրատվություն ապահովելու, միմյանց հետ քաղաքակիրթ երկխոսելու փոխարեն տեղեկատվական դաշտը ողողված է պրիմիտիվ բանսարկություններով, կենցաղային մակարդակի բամբասանքով, քաղաքացու համարձակությունը ջարդող, վախ սերմանող փորձերով, պետության համար վտանգավոր սադրանքներով՝ ուղղված արտաքին եւ ներքին քաղաքական դաշտերին:
Մերժում եւ դատապարտում եմ ինքնանպատակ բանսարկություններով արհեստական շիկացած մթնոլորտ ստեղծելու յուրաքանչյուր էժանագին հնարանք եւ փորձ:
Հայոց նորանկախ Հանրապետությունների 25-ամյա պատմության ամենակարեւոր ձեռքբերումը եղել եւ մնում է Հայոց բանակը: Անչափ կարեւորում եմ նրա շարունակական կատարելագործումը, մարդակենտրոն բանակի ձեւավորմամբ համալրման ռազմավարությունը, մարտական կարողությունների եւ առաջնագծի մշտական ամրապնդումը, որոնք այսօր արդյունք են բանակի ստեղծման օրվանից ձեւավորված լավագույն ավանդույթների եւ երկար տարիների ռազմավարական պլանավորման շրջանակներում իրականացված բարեփոխումների եւ համակարգային, շարունակական աշխատանքի:
Այսօր մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվությամբ պետք է վերաբերվի տասնյակ տարիների մեր ձեռքբերումներին եւ պատրա'ստ լինի արյան, կյանքի գնով պաշտպանելու եւ ավելացնելու մեր նվաճումները։
Հավերժ խոնարհվելով... եւ սրբադասելով հանուն Հայրենիքի ընկած քաջարի մարտիկներին, մեր ժողովրդի հետ միասին անցնելով պատերազմի, տառապանքի ու ցավի միջով՝ես ամեն անգամ սահմանին զոհված զինվորի սառը ճակատը համբուրելիս հուղարկավորել եմ ինքս ինձ եւ հոգով մոխրացել որդեկորույս ծնողի հետ... Հետո բոլորս մխիթարվել ենք այն մտքով, որ մենք չե'նք կորցրել նրանց, այլ գտել ենք մեր նորօրյա հերոսներին... Նրանք չե'ն հեռացել մեզանից, նրանք՝որպես հավերժ պաշտպան, ամփոփվել են մայր հողի տաք գրկում...
Ցավին փոխարինել են երջանկության արցունքները, երբ որդեկորույս հայ մայրը, փյունիկի պես հառնելով տառապանքից, ցավից, նորից զավակ է լույս աշխարհ բերել՝ նոր պահապան մեր սահմաններին: Ես վստահ եմ՝ նրանք իրենց սխրանքներով գերազանցելու են իրենց հայրերին, եղբայրներին։
Ձեւավորված նոր կառավարության գործունեության ընթացքում իրականցվող կառուցվածքային եւ կադրային փոփոխությունները, նոր գործելաոճը, տնտեսական կյանքի որոշակի ակտիվությունը, դեռեւս հեռու են հուսադրող լինելուց եւ բախվելով համակարգի՝ տարիներով կարծրացած եւ նրանց հետ համակերպված տարբեր սպառնալիքների հետ՝ արագ ցանկալի արդյունք չեն տալու։
Ինչի՞ կհասնի Հայաստանի Հանրապետությունն այս իրավիճակում:
Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել: Գնալով սրվում է աշխարհի ուժային կենտրոնների միջեւ պայքարը, եւ Հարավային Կովկասի շուրջն առաջացած բացասական վեկտորներն ուղղվելու են ՀՀ անվտանգության եւ Արցախի հիմնախնդրի վրա։
Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական թե արտախորհրդարանական, քաջ գիտակցում են, որ տնտեսական, քաղաքական այս բարդ իրավիճակում, ինչպիսի հարաբերություններ էլ կառուցենք աշխարհի անվտանգային տարբեր համակարգերի եւ պետությունների հետ եւ ամենապատճառաբանված, հզոր պայմանագրերն էլ կնքենք, միեւնույն է, չենք կարողանալու հասնել հաջողության, եթե երկրի ներքին կյանքում կտրուկ փոփոխություններ չիրականացնենք։
Չենք կարողանալու հասնել հաջողությունների, եթե համապատասխան աշխատանք չտանենք՝ կառավարման ժամանակակից մշակույթ ձեւավորելու նպատակով, մանավանդ քաղաքական եւ կուսակցական չկայացած համակարգի պայմաններում՝ ռազմավարական մտածելակերպով եւ պլանավորմամբ, պետական գաղափարախոսությամբ, մարդկային ռեսուրսների կառավարման արդիական մեխանիզմներով, քննարկումների, ստեղծագործական համարձակ արարման լայն հնարավորություններով եւ ամենակարեւորը՝ժողովրդի առջեւ թափանցիկ աշխատանքի, հաշվետվողականության եւ խիստ պատասխանատվության ձեւավորմամբ։
Եվ իհարկե, եթե լուրջ պայքար չտանենք քաղաքական, տնտեսական եւ վարչական լծակների սերտաճմամբ ձեւավորված եւ տնտեսության ազատականացումը արգելակող, երկրի զարգացումը դանդաղեցնող արատավոր երեւույթի դեմ:
Ինչպե՞ս անցնենք արդի ճգնաժամային փուլը եւ դեպի զարգացում տանենք մեր պետությունը:
Որպեսզի քաղաքական ուժերը գտնեն մեր պետության զարգացման ճշմարիտ ուղին, պետք է հենվեն Երկրի ճշմարիտ եւ հզոր ուժի՝ժողովրդի′ վրա, քանզի հայ ժողովուրդը, չունենալով պետություն եւ պետականություն, հազարամյակներ շարունակ պատմության քառուղիներում ոչ միայն չի՛ կազմալուծվել, չի՛ձուլվել օտարներին, այլեւ պահպանե՛լ է իր ազգային ինքնությունը՝ եկեղեցին, լեզուն, մշակույթը:
Առաջին հերթին պետք է անել այն, ինչը ոչ մի ռեսուրս չի պահանջում, այլ միայն քաղաքական կամք. հաստատել ժողովրդավարություն, օրինականություն, արդարություն, փոխադարձ վստահության եւ համերաշխության մթնոլորտ:
Մենք երազող ու պայքարող ժողովուրդ ենք: Կարո՛ղ ենք կառուցել կատարյալ պետություն, իսկ կատարյալ պետությունների հիմքում ընկած է արդարությունը։
Պետք չէ ընկնենք աշխարհեաշխարհ, հզորներից արդարություն պահանջենք: Եկեք այն փնտրենք մե′ր մեջ։ Արդար եւ ազնիվ լինենք միմյանց հանդեպ, որ հիմք դառնա մեր ազգային միասնության, համախմբման, վերելքի եւ ամենակարեւորը՝ Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման համար:
Այսօր, սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Մաղթում եմ, որ 2018 թ.-ը բազմապատկի մեր խոհեմությունն ու հավասարակշռությունը՝ ճիշտ գնահատելու մեր հնարավորությունները, եւ պետության առջեւ ծառացած բարդ խնդիրների լուծման ճանապարհին՝ համախմբված, պատվով ընդունենք մարտահրավերը, չերկնչե′նք դժվարություններից եւ դիմակայե′նք հերոսաբար»:




























