Գերագույն դատարանը հրաժարվել է ընդդիմության ներկայացուցիչ Ալեքսեյ Նավալնիի պահանջը բավարարել:

 Նավալնին դատարան էր դիմել այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր իրեն որպես նախագահի թեկնածու գրանցել: Այս մասին Twitter-ում գրել է Նավալնիի փաստաբան Իվան Ժդանովը, հաղորդում է Medusa-ն:

Նավալնիի ներկայացուցիչները (Նավալնին դատարանում  ներկա չէր) ընտրություններին մասնակցելուց զրկելն անվանել են անօրինական քայլ: Նրանք նշել են, որ Սահմանադրությամբ արգելվում է նախագահի պաշտոնում միայն անգործունակ եւ ազատազրկված անձանց առաջադրումը:

ԿԸՀ ներկայացուցիչները դատարանում նշել են, որ չեն կարող Նավալնիին որպես թեկնածու գրանցել, քանի որ այն հանցագործությունը, որի համար նա դատապարտվել է (խոշոր չափի հափշտակության կազմակերպում), վերաբերում է հատուկ ծանր հանցագործությունների թվին, իսկ դատվածությունը չի մարել:

 ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն 2018-ի մարտի 18-ին:

Դրանցում կմասնակցեն գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, «Լենինի անվան սովխոզի» տնօրեն Պավել Գրուդինինը, «Յաբլոկո»-ի հիմնադիր Գրիգոր Յավլինսկին, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր ժիրինովսկին, հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը: