Ֆլորիդայում հարբած վարորդը զանգահարել է արտակարգ իրավիճակների ծառայություն եւ բողոքել ինքն իր դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փորք շրջանի շերիֆի աշխատակազմի ներկայացուցիչը, փոխանցում է Lenta-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Ամանորի նախօրեին: Մայք անունով ներկայացած տղամարդը զանգահարել է 911 ծառայություն եւ հայտնել, որ ավտոմեքենա է վարում հարբած վիճակում: Հրապարակված ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է ծառայության աշխատակիցը համոզում վարորդին կանգնեցել ավտոմեքենան, սակայն վերջինը երկար ժամանակ վարանում է: Տղամարդը չի կարողանում հիշել իր ազգանունը եւ նկարագրել գտնվելու վայրը: Արդյունքում, ձանձրանալով հարցուփորձից, նա բարի գիշեր է մաղթում 911 ծառայության աշխատակցին եւ անջատում հեռախոսը:

Ոստիկանությանն ի վերջո հաջողվել է պարզել զանգահարողի գտնվելու վայրը: Դեպքի վայր ժամանած իրավապահներին վարորդը պատմել է, որ երկու գավաթ գարեջուր էր խմել, ավելի ուշ՝ եւս երեք-չորսը՝ հավելելով, որ վերջին չորս օրվա ընթացքում ընդամենը չորս ժամ է քնել: Նա նաեւ խոստովանել է, որ մետամֆետամին է օգտագործել: