«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղը, որտեղից 20 կգ ոսկի եւ խոշոր գումար էին գողացել, սկսել է գողացված գրավների փոխհատուցման գործընթացը:

Կազմակերպությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թ.-ի հունվարի 1-ին «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի «Վանաձոր» մասնաճյուղ ապօրինի մուտք գործելու միջոցով կատարվել է գրավադրված արժեքների առանձնապես խոշոր չափի գողություն։ Հարուցվել է քրեական գործ։ Արդյունքում, գողացված արժեքների մի մասը հայտնաբերվել է, իսկ մասնաճյուղի կառավարիչը`  ձերբակալվել:

«Վանաձոր» մասնաճյուղի հաճախորդների պատշաճ սպասարկման եւ գույքային շահերի պաշտպանության համար Ընկերությունը մշակել է անհրաժեշտ միջոցառումների փաթեթ:

Մասնավորապես, Ընկերությունը սկսել է գողացված գրավների փոխհատուցման գործընթաց:

Հունվարի 8-ից Ընկերության «Վանաձոր» մասնաճյուղը գործում է ըստ աշխատանքային գրաֆիկի:

Փոխհատուցման գործընթացի վերաբերյալ հարցերի համար հաճախորդները կարող են աշխատանքային ժամերին դիմել առանձնացված թեժ գիծ 010 59 03 39 հեռախոսահամարով, ինչպես նաեւ այցելել «Վանաձոր» մասնաճյուղ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 1-ին՝ ժամը 17:0 5-ին, «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մասնաճյուղից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դրամապահոցից հափշտակվել է մոտ 20 կիլոգրամ ոսկյա զարդերը, մոտ 7200 դոլար եւ 8.300.000 դրամ գումար: Կազմակերպությանը պատճառվել է 281.000.000 դրամի գույքային վնաս:

Պարզվել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին եւս դրամապահոցից հափշտակվել է ընդհանուր 90.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր ու ձուլակտորներ, 803.000 դրամ եւ 4829 դոլար: Այս գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել ու ձերբակալվել մասնաճյուղի կառավարիչ 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանը, որն էլ ահազանգել էր ոստիկանություն:

Ձեռնարկված հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայկազ Մարտիրոսյանը դրամապահոցի բանալու կրկնօրինակը տվել է Երեւանում հաշվառված 48-ամյա Արսեն Գրիգորյանին, որն էլ մասնաճյուղից գողություն է կատարել արդեն հունվարի 1-ին՝ կազմակերպությանը պատճառելով 281.000.000 դրամ գույքային վնաս:

Իրավապահները հայտնաբերել են գողոնի մի մասը:

Առգրավված ոսկյա զարդերն ու գումարը ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արսեն Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ: