Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի զարմիկին դանակահարել են Կարմիր ծովի ափին գտնվող իսրայելական Էյլաթ քաղաքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Yediot Aharonot թերթը:
Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիայի վարչապետի 25-ամյա բարեկամը հունվարի 3-ին հարձակման է ենթարկվել ընկերների հետ զբոսանքի ժամանակ: Ափամերձ շրջանի հետիոտնային գոտու անվտանգությունն ապահովող ոստիկաններն երեք երիտասարդ ֆրանսիացի զբոսաշրջիկ են նկատել, որոնք դանակից ստացված վնասվածքներով պարկած էին գետնին: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից երկուսը դուրս են գրվել հունվարի 4-ի առավոտյան, իսկ հունվարի 5-ին բոլորը վերադարձել են Ֆրանսիա:
Իսրայելյան ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը: Ոստիկանության տվյալներով՝ ֆրանսիացի զբոսաշրջիկների վրա մի քանի, ըստ երեւույթին, իսրայելցի տղամարդ է հարձակվել, որոնք փախչել են միջադեպից անմիջապես հետո: Թերթը նշում է, որ այս գործի շրջանակներում ձերբակալություններ դեռ չկան:



























