Հարավային Քալիֆորնիայի մոտ 21 հազար բնակիչներ տարհանվել են վերահաս տեղատարափ անձրեւների պատճառով, որոնք սելավով ու ջրհեղեղով են սպառնում, հայտնում է Fox News-ը:
Անցյալ տարեվերջին այս շրջանում հրդեհներ էին բռնկվել: Կրակի տարածմանը նպաստում էին չոր եղանակը եւ ուժգին քամիները: Նահանգի տարածքում փոթորկվում էր հրդեհի 6 օջախ, որոնցից ամենախոշորը «Թոմասն» էր: Հրդեհի հետեւանքով տասնյակ հազարավոր տեղացիներ էին տարհանվել, այն մարում էին հազարավոր հրշեջներ: «Թոմաս» հրդեհն իր չափերով Քալիֆորնիայի պատմության մեջ 5-րդն էր:
«Այրվածքի սպիները, որոնք մնացել են հրդեհների սեզոնից, բոլոր պայմանները կստեղծեն հեղեղման համար՝ ավելացրած սողանքները եւ հիդրոլոգիական այլ խնդիրները»,- նշված է երեքշաբթի հրապարակված ԱՄՆ օդերեւութաբանական ազգային ծառայության կանխատեսման մեջ:
Սանտա Բարբարայի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Ռոբերտ Լեւինը բլուրների լանջերին գտնվող հարեւան բնակավայրերի բնակիչներին կոչ է արել իրենց տներից հեռանալ մինչեւ տեղական ժամանակով օրվա կես:
«Սովորաբար ցամաքած գետակները կվերածվեն ցեխի ու բեկորների, մեծ քարերի ու ծառերի փոթորկվող գետերի: Դրանք կարող են մեծ վնաս հասցնել: Կավերեն ճանապարհները եւ տները»,- պարզաբանել է նա:
Հորդ անձրեւներ են սպասվում նաեւ Քալիֆորնիայի հյուսիսային հատվածներում:



























